
Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է. ՄԻՊ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի կողմից Անի Սամսոնյանի հասցեին արված վիրավորական արտահայտության վերաբերյալ

Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի կողմից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասեին արված արտահայտությանը:
«Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:
Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:
Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին իր մասին ավելի քիչ խոսի, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք»: