«Եթե վարձակալությունը թանկ է, մեծ բեռ է, տնտեսվարողները պետք է գնահատեն՝ հնարավո՞ր է արդյոք, պահպանելով բիզնես ուղղությունը՝ փոխել տեղակայումը». Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
168.am-ը գրել էր, որ մի շարք տնտեսվարողներ, որոնք, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չունեն եկամուտ, բայց ստիպված են վճարել հարկեր, վարձակալած տարածքների վճարներ և այլն: Հարցը հատկապես խնդրահարույց է փոքր և միջին բիզնեսի համար:
168.am-ի հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ասաց, որ այս պարագայում տնտեսվարողները պետք է ինքնուրույն կողմնորոշվեն և որոշումներ կայացնեն:
«3-րդ միջոցառման շրջանակներում վարձակալական ծախսերը ներառված են նպատակային ծախսային ուղղություններում: Ստանալով այս վարկը՝ հնարավոր է մարել այդ վճարները: Սակայն յուրաքանչյուր կազմակերպություն ինքը պետք է կողմնորոշվի: Վարկի մեծությունը պայմանավորված է 2019-ի շրջանառությամբ, ՓՄՁ-ն կարող է օգտվել իր նախորդ տարվա շրջանառության 10-ը տոկոսի չափով վարկային գումարից: Տնտեսվարողը պետք է ինքնուրույն գնահատի, թե կարողանալու է հետագայում մարել վերցրած վարկը, մենք հասկանում ենք, որ այս պահին մեծ է անորոշությունը, բայց այն կազմակերպությունները, որոնք գիտակցում են, որ իրենց ծանրաբեռնվածությունն արդեն իսկ մեծ է, իսկ հավանականությունը փոքր է, որ կկարողանան մարել, այլ լուծումներ պետք է գտնեն, ցավոք»:
Որպես այլընտրանքային լուծում՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն առաջարկում է, օրինակ, փոխել գործունեության վայրը.
«Այն կազմակերպությունները, որոնք դիմում են այս միջոցներին, պետք է պլանավորեն, թե ինչպես են դրանք ծախսելու: Եթե հասկանում են, որ վարձակալությունը թանկ է, մեծ բեռ է ներկայացնում, պետք է գնահատեն, թե հնարավո՞ր է արդյոք, պահպանելով բիզնես ուղղությունը՝ փոխել տեղակայումը, կամ ժամանակավորապես դադարեցնել այդ կետում, այդ գույքի հետ կապված հարաբերությունը: Տնտեսվարողները պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, նվազեցնել այն ծախսերը, որոնցով պայմանավորված չէ, իրենց հետագա գոյությունը»:
Մեր մյուս հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան այն ոլորտների համար, որոնք ևս տուժել են արտակարգ դրության սահմանափակումների պատճառով, սակայն ներառված չեն աջակցության որևէ ծրագրում, Նաիրա Մարգարյանը պատասխանեց.
«Ոչինչ կաղապարված չէ, ոլորտային ընդլայնումներ լինում են: 3-րդ ծրագիրը համալրվել է 4 նոր ոլորտով, ինչը շահառուների նոր հոսք է ենթադրում: Չենք կարող որևէ բան խոստանալ, բայց նաև չենք կարող հերքել, որ վերլուծություններ արվում են, ծրագրերն ընդլայնվում են, նոր ծրագրեր էլ մշակվում են»: