Բաժիններ՝

Հայ ժողովրդի շարքերում շատ են զոհերն ու նահատակները, սակայն մեր ժողովրդի հայացքը կյանքին ոչ թե զոհի է, այլ արարողի

«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10):

Հայ ժողովուրդը միշտ էլ պայքարել և հաճախ փորձությունների է առերեսվել՝ պահպանելու սեփական ինքնությունն ու հայ լինելու կոչումը՝ Բարձրյալից տրված։

Այդ ճանապարհին շարունակ մղել է կյանքի և մահվան կռիվ։ Ամենաողբերգականն այս պատմություններից թերևս մնում է Հայոց Ցեղասպանությունը, որի 105-րդ տարելիցն էլ հիշատակվում է այսօր։

1.5 միլիոն հայեր, որոնց մեջ էին նաև հոգևորականներ, մտավորականներ, չարչարակից եղան Քրիստոսին՝ պատվով կրելով իրենց խաչը, ընդունեցին մահը հերոսաբար՝ նահատակվելով հանուն հավատքի և հայրենիքի։

«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։ Դարեր շարունակ հնչած և փառաբանված Սուրբ Վարդանանց և Սուրբ Ղևոնդյանց պատմությունների կողքին՝ սուրբ նահատակները կերտեցին իրենց նորօրյա պատմությունը՝ ողբերգական, սակայն նաև հայ ժողովրդի հավերժության մասին վկայող։

Նրանք իրենց գաղթի, նահատակության ճանապարհին ոչ մի րոպե չմոռացան Քրիստոսին, չհեգնեցին ու չուրացան Նրան։ Դաժան չարչարանքների ենթարկվելով՝ չուրացան Աստծուն, իրենց ինքնությունը. նախընտրեցին նահատակությունը՝ ուրացումից։ Իրենց հետ տարան և իրենց զավակներին, քանզի չարագործ թշնամին չէր խնայում անգամ անմեղ մանուկներին, որ լալիս էին՝ ծնողների գրկին։ Այդ մանուկները, անգամ անգիտակցաբար, ևս դարձան նահատակներ՝ կրելով ցեղասպանության ողջ դաժանությունը։

Այդպիսով՝ մարդկային ճակատագրերի խեղման նպատակը մեկն էր՝ բնաջնջումը հայ տեսակի, հայ ինքնության։ Սակայն զրկանքների ենթարկված ժողովուրդը պահպանեց ու սերնդեսերունդ փոխանցեց նաև հրից ու սրից փրկած մշակութային ժառանգության իր կտորները, որոնք հետո դարձան նոր արարումների ներշնչանք։

Հայ ժողովուրդը վեր հառնեց նաև այս փոթորկից՝ սփռվելով ողջ աշխարհով, արմատներ նետելով օտար հողում և պտուղներ տալով։ Եվ այսօր՝ մեծ ողբերգությունից 105 տարի անց անգամ հայը գոյություն ունի, արարում է, ստեղծագործում և հզորանում, քանզի անմահ է մեր ժողովուրդը, որ չի կորցնում իր հավատն առ Քրիստոս։ Հայ ժողովրդի շարքերում շատ են զոհերն ու նահատակները, սակայն մեր ժողովրդի հայացքը կյանքին ոչ թե զոհի է, այլ արարողի։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս