«Փաստարկվում են այն լուրերը, որ քաղաքապետի կինն է Քաղաքապետարանում որոշումներ կայացնում». Թեհմինա Վարդանյան
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, ինչի ընթացքում չարաշահումներ են բացահայտվել և հարուցվել է քրեական գործ: ՀՈԱԿ-ի գործունեության մասին դեռ անցած տարի իրենց դժգոհությունն էին հայտնել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Նրանք այցելել էին ՀՈԱԿ-ի տարածք, որտեղ ստերջացնում են շներին, և ուղիղ եթերում պատմում ու ցույց էին տալիս, որ այնտեղ ոչ սանիտարահիգիենիկ վիճակ է:
«Մենք շուրջ մեկ տարի բարձրաձայնում էիք ՀՈԱԿ-ում տիրող խնդիրների մասին, մեր՝ ՀՈԱԿ առաջին այցից հետո: Այնտեղ հստակ կային խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնելու արդյունքում մենք դառնում էինք ազգի թշնամի, բոլորը մեզ քարկոծում էին ու մեղադրում էին միշտ դժգոհելու մեջ, իսկ քաղաքապետը փայլուն, գերազանց էր գնահատում թե՛ ՀՈԱԿ-ի, թե՛, մասնավորապես, ՀՈԱԿ-ի տնօրենի աշխատանքը: Թե ի՞նչ ստացվեց հետո, երևի նեղ անձնական է, ինչ-որ բան է կատարվել Բեգոյանի և քաղաքապետի միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհմինա Վարդանյանը:
Ավանագու «Լույս» խմբակցության անդամին զարմացնում է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանում միայն հիմա են հիշել ՀՈԱԿ-ում առկա խնդիրների մասին և հիմա են սկսել ուսումնասիրություններ անել:
«Արմեն Բեգոյանն անձամբ է խոսել այն մասին, որ վատացել են իր և քաղաքապետի հարաբերությունները, չգիտեմ՝ դրա պատճառը որն է, բայց քաղաքապետը պարոն Բեգոյանին նշանակել էր նաև Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն: Սրան հստակ պատասխան կտան նրանցից երկուսը, ինչ-որ բանի հիման վրա է սա պայթել, ես այստեղ տեսնում եմ քաղաքապետի քինախնդրությունը, որովհետև այլ կերպ չեմ կարող մեկնաբանել սա: Եթե պարոն Բեգոյանը բազմաթիվ չարաշահումներ է արել, թող իրավապահները պարզեն, բայց ինչո՞ւ հենց այս պահին, ինչո՞ւ մեր բարձրաձայնումների արդյունքում անգամ ստուգում չմտավ այդ հիմնարկ, այլ միայն այն ժամանակ, երբ վատացան Բեգոյանի և քաղաքապետի հարաբերությունները: Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում, քաղաքապետը մուռ է հանո՞ւմ պարոն Բեգոյանից: Ոստիկանապետն էլ քաղաքապետի մանկության ընկերն է, բոլորը փոխկապակցված մարդիկ են, և ես մեծ հույս ունեմ, որ իրավապահ մարմինները ոչ թե սեղանների շուրջ կամ WhatsApp-ում կքննարկեն, այլ ռեալ գնահատականներ կտան»,- ասաց Վարդանյանը:
Արմեն Բեգոյանը նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ն էր: Այս բացահայտումների մասին հայտարարությունից առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ նրան ստիպել են իր այդ պաշտոնից ազատման դիմում գրել:
168.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ հրաժարականի դիմումի պատճառը Բեգոյանի և քաղաքապետի կնոջ միջև լարված հարաբերություններն են, երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արմեն Բեգոյանն ինքն էր հաստատել այդ փաստը և ասել, որ հենց քաղաքապետի կինն է իրեն ասել, որ հրաժարականի դիմում գրի: Այն մասին, որ Հայկ Մարությանի կինը Քաղաքապետարանում որոշումներ է կայացնում, Թեհմինա Վարդանյանը վաղուց էր բարձրաձայնում.
«Արդեն փաստարկվում են այդ խոսակցությունները, լուրերը, որոնք հասել են մեզ: Փաստացի մենք հանգեցինք նրան, որ քաղաքապետի կինն է Քաղաքապետարանում որոշումներ կայացնում: Բեգոյանը եթե իր բերանով է դա ասել, ապա երկընտրանք, այլ կարծիք լինել չի կարող»:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հաստիքի համար արդեն երկրորդ անգամ է մրցույթ հայտարարվում: Առաջինը դատարանի որոշմամբ կասեցվել է:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամը մեզ հետ զրույցում նաև փոխանցեց.
«Ապրիլի 27-ին Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն է լինելու, որին պատրաստվում եմ մասնակցել, քանի որ բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, որ նախօրոք կանխորոշված է ելքը: Ես՝ որպես ավագանու անդամ, որպես դիտորդ մասնակցելու իրավունք ունեմ, եթե մրցույթի հանձնաժողովը թույլ տա: Չեմ կարծում, որ կմերժեն, քանի որ այդ դեպքում արդեն մեծ բնույթի աղմուկ կբարձրանա»: