«Այս տարի բերքը շատ է լինելու. կառավարությունն ու մեր դեսպանները մեծ աշխատանք ունեն անելու»․ Լյովա Խաչատրյան
«Չեմ կարծում, որ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսությունը վնաս կրած լինի, միգուցե միջին գոտիներում, որտեղ ծառերը նոր են ծաղկում, ձյունը վնասի, բայց մեծ վնասներ դժվար հասցնի։ Եթե անձրևները երկարեն, միգուցե գարնանացանին մի քիչ վնասեն, բայց կարծես թե 1-2 օրից կտրվում է անձրևը։ Արդեն ցանած սերմերը միգուցե գերխոնավությունից վնասվեն, բայց դա կերևա, դեռ վտանգ չկա»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
Նա նշեց, որ առայժմ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար․ «Այն մտահոգությունները, որ միգուցե ջրամբարները ջուր չլցվեն, գուցե չունենանք, եթե նման բարենպաստ եղանակային պայմանները շարունակվեն։ Արագածի վրա բավականին ձյուն ունենք, և հալքից հետո այդ ջրի զգալի մասն ամբարվող է։ Տարին նորմալ է սկսվել, եթե այլ զարգացումներ հետագայում չլինեն։ Ցրտահարությունը մի 20 օր առաջ ինչ եղավ՝ եղավ, որոշ տեղերում վնասներ եղան, բայց հիմա ցրտահարության խնդիր չունենք»։
Հիմա, ըստ Լյովա Խաչատրյանի՝ ավելի լուրջ խնդիր ունենք․ «Մեր բերքը շուտով հասնելու է, ծիրանին մնացել է 1,5 ամիս, և պետք է ծիրան արտահանենք։ Եթե սպառման խնդիրը չկարողանանք լուծել, այսօրվանից պետք է մտածենք՝ ինչ անել այդ ծիրանը։ Հունիսի կեսերից մենք արդեն ծիրան էինք արտահանում․ սպառումը կլինի՞, ճանապարհները կլինե՞ն, թե՞ չեն լինի։ Մեծ հավանականությամբ՝ և՛ սպառումն է ընկած մոտ 50 տոկոսով, և՛ ճանապարհներն են ոչ այդքան ազատ, ինչ վիճակ կլինի այն ժամանակ, անհասկանալի է։ Այսօրվանից պետք է մտածել՝ կոնկրետ ծիրանի բերքն ինչ անել։ Կարծես հնարավորություն կա՝ գինու գործարանները և այլ գործարաններ անցնեն սպիրտի արտադրության։
Սպիրտի, ալկոգելի պահանջարկն ամբողջ աշխարհում շատ մեծ է, այսօրվանից պետք է մտածենք այդ ուղղությամբ, որ բերքը գետնին չթողնենք, և գյուղացին գոնե զրոյով դուրս գա, հակառակ դեպքում՝ չի բացառվում, որ ունենանք լավ բերք, բայց սպառում չունենանք»։
Նախկին պատգամավորն ընդգծեց՝ այս խնդիրը պետք է լուծեն ՀՀ կառավարությունը և տարբեր երկրներում մեր դեսպանները․ «Դեսպաններն իրենց երկրներում մեծ աշխատանք ունեն անելու։ Այդքան ծիրանը չենք կարող ուտել, մենք տասնյակ հազար տոննայով արտահանում էինք ՌԴ և այլ երկրներ։ Հիմա այդ պահանջարկը չի լինելու, համոզված եմ, որ մեր բերքը մնալու է մեզ մոտ։ Իսկ մեզ մոտ մնալու դեպքում պետք է տեղավորել, այսինքն՝ պահածո և սպիրտ արտադրել։ Սպիրտի վաճառքը կազմակերպելը շատ ավելի հեշտ է, և ամբողջ աշխարհում պահանջարկը մեծ է։ Մեր դեսպաններից ամեն մեկը որ իր երկրում մի մեքենա սպիրտի խնդիր լուծի, որ Հայաստանից արտահանվի, մենք բացարձակ խնդիր չենք ունենա։ Իհարկե, գյուղացին, մեծ հաշվով, չի օգտվի, բայց գոնե չի տուժի, որովհետև այն ապրանքը, որ կգնա սպիրտ արտադրելուն, գինն ավելի ցածր կլինի, քան այն, որ հանվում էր շուկա վաճառքի։ Բայց գոնե չի թափի, չի տուժի և զրոյով դուրս կգա»։
Ըստ նրա՝ առհասարակ այս տարի բերքը շատ է լինելու․
«Արտագնա աշխատողները տանը նստած են, չեն գնալու, այսօր իրենց այդ 10-20 տարի չմշակած հողերը սկսում են մշակել, ցանել, մենք շատ բերք կունենանք։ Մայիս ամսվանից բանջարաբոստանային կուլտուրաները կսկսեն հասնել, հնարավոր է՝ մենք չկարողանանք արտահանում կազմակերպել, ուրեմն՝ պետք է պահածոյացնենք, այս ամենի մասին այսօրվանից պետք է կառավարությունը մտածի, գործարաններին աջակցություն տրվի, որպեսզի կարողանանք այդ բերքը պահածոյացնել։ Պարզ է՝ նման վաճառքի դեպքում գյուղացին շատ չի օգտվի, բայց գոնե չի տուժի։ Պահածոյացվող բերքը, պարզ է, ավելի էժան է, քան շուկա արտահանվող բերքը, գների տարբերությունը զգալի է, բայց գոնե գյուղացին վնասով դուրս չգա»։