ԵՄ ցանկացած առաջարկ ԱլԳ անդամ երկրներին ենթադրելու է առանձնահատուկ մոտեցում ծրագրին մաս կազմող բոլոր երկրներին․ եվրոպացի վերլուծաբան

«ԵՄ-ն առաջարկելու է փաթեթ իր ԱլԳ գործընկերներին, սակայն աշխատելու  է նրանց հետ ինդիվիդուալ կերպով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը`անդրադառնալով տեղեկություններին, որ ԵՄ-ն ԱլԳ երկրների հետ ընդհանուր տնտեսական տարածք է ստեղծելու։

Հիշեցնենք, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»:

Ըստ հրապարակման՝ նման առաջարկ ներառող փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում և, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում: Այդ գագաթաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ: Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:

Սյուզան Ստյուարտը նշեց, որ սա նոր տեղեկություն չէ Արևելյան գործընկերության անդամ երկրների համար, և սա տեղավորվում է վերջին տարիներին Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված հարևանության նորացված քաղաքականության մեջ, ավելին, սա ԵՄ ասոցիացման քաղաքականության շարունակությունն է։ Սա, ըստ նրա, որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, թե երկրները ստորագրե՞լ են Ասոցացման համաձայնագրեր ու ազատ առևտրի գոտու պայմանագրեր, թե՞ ոչ։

«ԵՄ-ի այս ծրագրի նպատակն ի սկզբանե, որն իմանալով էլ՝ բոլոր երկրները միացել են ԱլԳ-ին, մոտենալ ԵՄ անդամակցությանը, ԵՄ չափանիշերին բոլոր ոլորտներում՝ էներգետիկ, տրանսպորտային, շուկայական և այդպես շարունակ։ Այս քաղաքականության մեկնարկը տարիներ առաջ տվեց հանձնակատար Յոհաննես Հահնը՝ նշելով, որ ասոցիացման փուլին պետք է հաջորդեն ենթակառուցվածքները և ասոցիացման շարունակությունը բոլոր ոլորտներում։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ այն փուլում, երբ Արևելյան գործընկերության երկրները ստորագրեցին Ասոցացման համաձայնագրեր կամ դրանց համարժեք այլ համաձայնագրեր, ԵՄ-ն շատ է փոփոխել իր արևելյան քաղաքականությունը, բախվել է շատ խնդիրների, որոնցից գլխավորն առճակատումն էր Ռուսաստանի հետ և ճգնաժամն ՈՒկրաինայում, որոշ ծրագրեր, իհարկե, փոխվել են, դասեր բոլոր կողմերը, հուսանք, որ քաղել են, բայց ծրագիրը նաև պետք է շարունակվի և կշարունակվի այն երկրների համար, որոնք դա կցանկանան և կկարողանան, ինչպես եղավ նախորդ փուլի ընթացքում։

ԵՄ-ում վստահ են, որ այն, ինչ առաջարկում են, օգտակար է, և գոնե ասոցիացված երեք երկրները դժգոհ են այն քաղաքական առաջընթացից, որը հնարավորություն ունի նրանց տալ ԵՄ-ն։

Այսինքն՝ ԵՄ-ն առաջարկելու է փաթեթ իր գործընկերներին, սակայն աշխատելու  է նրանց հետ ինդիվիդուալ կերպով՝ մշակելով նրանցից յուրաքանչյուրի հետ զարգացման առանձին փաթեթ, սա կոչվում է դիֆերենցված քաղաքականություն, որը հնարավորինս չեզոքացնում է  այն քաղաքական խնդիրները, որոնք կարող են առաջանալ, քանի որ երկրներն իրենք կարող են ընտրել՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ։ Հայաստանն  այդ քաղաքականության շնորհիվ ստացավ հնարավորություն՝ ստորագրել ոչ ԱՀ, այլ մեկ այլ փաստաթուղթ, որը համապատասխանում էր իր մյուս միջազգային պարտավորություններին»,- ասաց Ստյուարտը։

Նրա խոսքով, դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի Մոսկվան այս ծրագրին։ Սակայն, նրա համոզմամբ, ուկրաինական զարգացումները փոխել են նաև Ռուսաստանի քաղաքականությունը։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը միացել է Ռուսաստանի նախաձեռնած տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներին, այն, ինչ ԵՄ-ն կառաջարկի, համեմատելի չէ նույնիսկ, դա անդամակցություն չէ, դրա հեռանկար չէ, այլ համագործակցություն, որի շրջանակում որոշակի գործողություններ են իրականացվելու, օրինակ՝ մի գործողություն, ինչպիսին է հաղորդակցությունն առանց ռոումինգի, մի շարք համաձայնագրերի ստորագրում, որոնք որոշակի ոլորտներ զարգացնելու են, մոտեցնելու եվրոպական չափանիշերին, այսինքն՝ սա դասական տնտեսական տարածք չէ, սրա շրջանակում նախատեսվում է գործողությունների ծրագիր, որի մանրամասները կհրապարակվեն, երբ այն հաստատվի Եվրախորհրդարանի կողմից»,- ասաց Ստյուարտը։

 

Տեսանյութեր

Լրահոս