«Փաշինյանը շատ անհարմար վիճակում կհայտնվի»․ Տիգրան Քոչարյան

Սոցիալական ցանցերում և մամուլում այս օրերին քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդող կադրերի տարածումը։ Վարչապետի խոսնակը և Հանրային Հեռուստաընկերությունը միմյանց հակասող հայտարարություններ են անում, իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերից հետո սկսեցին կարծիքներ հնչել, որ դա կազմակերպվել է հենց վարչապետի կողմից։ Այսինքն՝ հատուկ են կադրերը տարածվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Հանրային Հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ կատարի։ Նաև կարծիքներ կան, որ սա վարչապետի թիմի թերացումն էր, այսինքն՝ փնթի աշխատանքի հետևանք։

168am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այդ տարբերակներից որևէ մեկը չբացառեց․ «Այս երկու տարվա մեջ ամեն ինչ արել են, որպեսզի բոլոր հնարավոր տարբերակները կյանքի կոչված լինեն, հավաստի լինեն՝ սկսած փնթիությունից, վերջացրած, որ հատուկ են կազմակերպել այս ամենը։ Հատուկ կազմակերպված լինելու համար՝ որպես մեկ հիմնավոր տարբերակ, կարող ենք ներկայացնել այն, որ ԱԺ-ում ընդունվեց օրենք, որ Հանրային հեռուստաընկերությունը մտնի գովազդի շուկա։ Դրանք բավականին պատկառելի գումարներ են Հանրայինի պարագայում, և շուկայի վերաբաշխում է գնում․ փորձում են իրենց մարդկանց նշանակել Հ1-ում, ու դրա համար էլ դա բարդեցին Հ1-ի վրա։ Դա որպես աշխատող տարբերակ՝ կարող է լինել, և չեմ կարծում, որ հակափաստարկներն ավելի համոզիչ լինեն։  Կարող է սովորական փնթիություն լինել․ իրար չեն հասկացել, որովհետև մամուլի խոսնակը նոր է, նրբություններից հեռու է։ Բայց ամեն դեպքում բավականին տգեղ է, թե ինչպես են երկու կառույց՝ վարչապետի մամուլի ծառայությունը և Հ1-ը, իրար վրա բարդում այդ մեղքը»։

Ինչ վերաբերում է լրագրողների և լրատվամիջոցների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Տիգրան Քոչարյանը նկատեց․

«Ընդհանրապես, նախկին իշխանությունների ժամանակ ԶԼՄ-ների քանակը 100-ից չէր անցնում, և ես առնվազն 1-2 ԶԼՄ գիտեմ, որոնք իշխանությունից փող չեն ստացել, գրանտներով են աշխատել, դիցուք՝ դրանք լինեն 1 տոկոսը, և այդ ԶԼՄ-ների մեջ հաստատ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Հայկական Ժամանակը» չէ։ Այստեղից ես կարո՞ղ եմ եզրակացնել, որ մնացած 99 տոկոսի մեջ մտնում է նաև Փաշինյանը։ Երկրորդ ՝ շատ տգեղ է, երբ դու, լինելով նախկին լրագրող, մարդ, որ կապ ունի լրագրության հետ ու մինչև հիմա անանուն հոդվածներ է գրում իր լրատվամիջոցում, այսինքն՝ շարունակում է մնալ լրագրող, քո կոլեգաներին մեղադրում ես անբարոյականության կամ պատվեր կատարելու մեջ։ Դա շատ տգեղ էր, և այդ քայլով նա իր դեմ տրամադրեց նույնիսկ այն լրագրողներին, որոնք չեզոք են, որովհետև ոչ մի լրագրողի հաճելի չէ լսել, որ ինքը պատվեր կատարող է կամ սնվում էր իշխանությունից, երբ այդպիսի բան չի եղել։ Նաև պետք է հաշվի առնել, որ ապագայում, երբ կբացահայտվեն էժանագին յութուբյան վիդեոներ սարքող, սպառնալիք տարածող ալիքներ, տարբեր ֆեյսբուքյան էջեր, կբացահայտվի, թե նրանց ֆինանսավորման աղբյուրները որոնք են եղել, և իշխանավորներից ովքեր են պատասխանատու եղել այդ ֆեյք ֆաբրիկաների գործունեության համար, Փաշինյանը շատ անհարմար վիճակում կհայտնվի»։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսն իշխանությունից փող է ստացել, հիմա չկա, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա»։

Տեսանյութեր

Լրահոս