Սա իզուր տեղը նյարդայնացնող գործընթաց է. Էդմոն Մարուքյանը դժգոհ է Կառավարության աջակցության ծրագրերից
«Երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում արդեն ակնհայտ էր, որ ճգնաժամ է լինելու, Կառավարությանն առաջարկել ենք հետևել միջազգային փորձին և ըստ այդմ դիտարկել, թե պետությունը որքան անվերադարձ աջակցություն կարող է տրամադրել սոցիալական աջակցության համար, նաև տնտեսական վիճակը որոշակի իմաստով շնչող պահելու համար: Աշխարհում զարգացած և մեր վիճակում գտնվող երկրներն իրենց պետական համախառն ներքին արդյունքի մոտավորապես 5-10 տոկոսի չափով անվերադարձ աջակցություն են ցուցաբերում իրենց քաղաքացիներին»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած բնակչության աջակցության ծրագրերին:
Ըստ նրա՝ Հայաստանում հաստատվել է 14 ծրագիր՝ ծայրահեղ բարդ ընթացակարգերով, օրինակ՝ կան ընկերություններ, որոնք միլիարդավոր հարկեր են վճարում, բայց 100 հազար դրամի ուշացում ունի ինչ-որ տեղ, և ըստ Կառավարության ներկայացրած չափանիշների՝ նրանք այլևս չեն համարվում բարեխիղճ հարկատուներ: Ուստի, ըստ Մարուքյանի, այս 14 ծրագրերի փոխարեն՝ պետք է լիներ մեկ կամ երկու ծրագիր. մեկը՝ սոցիալական, մյուսը՝ տնտեսական, և վերցվեր, Հայաստանի ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով աջակցություն ցուցաբերվեր:
«Հիմա, ըստ մեր հաշվարկների՝ երկրի համախառն ներքին արդյունքի 0,84 տոկոսի չափով է աջակցությունը, այն գումարը, որն անվերադարձ է, այն գումարը, որը Կառավարությունը նշում է, թե աջակցում է, դրա մի մասը հետ եկող գումար է, եթե բոլորն իրար գումարենք, մեր ՀՆԱ-ի 1 տոկոսն էլ չեն կազմում: Տպավորություն է, որ այս ամբողջ ծրագրերի համախումբը նրա համար է, որ մարդիկ մտածեն, թե աջակցություն է ցուցաբերվում, և վերջում շատ քչերին է այդ աջակցությունը հասնելու, այն էլ, երբ օրը հասնի, արդեն ուշ է լինելու: Սա իզուր տեղը նյարդայնացնող գործընթաց է, ուստի պետք է գնային հնարավորինս արագ և դյուրին ընթացակարգերով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանում կան գյուղեր, որտեղ մարդիկ ամբողջությամբ զբաղվել են արտագնա աշխատանքով, բայց այսօր բոլորը տանը նստած են ու չգիտեն՝ ինչ անել, նրանց հետ կապված ևս կան անհստակություններ, թե Կառավարությունն ինչ է առաջարկում: Նույնը վերաբերում է չգրանցված աշխատողներին, որի հետ կապված՝ ԼՀԿ-ն հանդես է եկել տարբեր առաջարկներով, որոնք Կառավարությունը չի ընդունել:
«Կարծում եմ՝ ուշ չէ, որ իրավիճակի դրամատիզմին համահունչ՝ լինի պետական աջակցություն, այլապես սա բերելու է տնտեսական և սոցիալական մեծ կոլապսի»,- եզրափակեց նա: