«Շուրջ 486 հազար բաժանորդների փոխանցվել է իրենց գազի և էլեկտրաէներգիայի վճարները»․ վարչապետի օգնական
«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց, բայց կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանաք այս շաբաթ՝ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ այժմ քննարկվում է որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թույլատրելու հարցը։
Նա նշեց, որ Ոստիկանությունը շարունակում է իր աշխատանքը կատարել հանրապետության ամբողջ տարածքում, իսկ ինչ վերաբերում է փողոցներում մարդկանց թվի ավելացմանը, նա նշեց, որ որոշ ժամերի, հնարավոր է՝ աշխուժություն նկատվի․ «Դա կարող է պայմանավորված լինել վերջին մի քանի որոշումներով, երբ, օրինակ՝ թույլատրվեց բացօթյա շինարարությունը և մի քանի այլ ոլորտներում գործունեությունը։ Բայց փողոցի շարժը հնարավոր չէ համեմատել սովորական օրերի անցուդարձի հետ»։
Հարցին՝ արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը վարչապետին թույլատրում է հասցնել սնանկացման այս կամ այն բիզնեսմենին, ինչի մասին նա հայտարարեց երեկ երեկոյան՝ իր ուղիղ եթերի ժամանակ․ ի՞նչ կարգով է դա արվելու և ո՞ւմ հանդեպ, վարչապետի օգնականը պատասխանեց․ «Նման հայտարարություն վարչապետը չի արել, որ որևէ մեկին պատրաստվում ենք սնանկացնել»։
Նա նշեց, որ գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի վերաբերյալ կառավարության ծրագրով արդեն փոխանցումները կատարվել են․ «Շուրջ 486 հազար բաժանորդների փոխանցվել է իրենց գազի և էլեկտրաէներգիայի վճարները, և քաղաքացիները, հնարավոր է՝ դրա մասին տեղեկացված չլինեն, որովհետև ծանուցում չենք արել։ Դրա մասին կարող են իմանալ՝ տեսնելով իրենց հաշիվների քաղվածքները, և փոխանցումներն արդեն կատարված են։ Նրանք, ովքեր վճարել էին իրենց սպառած էլեկտրաէներգիայի և գազի համար, աջակցության գումարը նստել է իրենց անձնական հաշիվների վրա՝ որպես կանխավճար՝ հաջորդ ամսվա ամիսների սպառման համար»։