«Ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում». Նորաշենի համայնքապետ
«Նորաշենում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ըմբռնումով են մոտենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի համայնքապետ Արտակ Հարությունյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապրիլի 15-ից գյուղում գործող սահմանափակումներին:
Հիշեցնենք, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ էին հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։
Սակայն Նորաշենի բնակիչներից մեկը news.am-ի հետ զրույցում մի շարք մանրամասներ է հայտնել դեպքից՝ կատարվածում մեղադրելով գյուղապետին և մարզպետին:
«Նորաշեն համայնքում մահացածի ընտանիքը կորոնավիրուսով վարակված, Մոսկվայում մեկուսացված է եղել, և Նորաշենի համայնքապետ Արտակ Հարությունյանը խոստացել է հարազատներին, որ մարզպետի միջոցով նրանց Հայաստան կբերի, և ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանն իր կամակատար Արտակ Հարությունյանի խոսքից դուրս չի եկել, ու ոմն Եղիշի միջոցով ձեռք են բերել ավիատոմսեր և նրանց բերել են Հայաստան»,- ըստ կայքի՝ ասել է համայնքի բնակիչներից մեկը։
Մեր խնդրանքով անդրադառնալով այս հայտարարություններին՝ Նորաշենի համայնքապետը նշեց. «Ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, պարետի հատուկ դիմումի ձև կա հարազատներին կորցրած-մահացածի հետ կապված, մարդիկ դիմումը լրացնում են և մասնակցում են: Ես ոչ մի բան չունեմ ավելացնելու, տեղեկատվությունը կա պաշտոնական կայքերում. Բնակիչները, մարդիկ, ով ինչ ասում են՝ իրենցից ճշտեք, մենք ինչ ունենք՝ տեղադրում ենք մեր պաշտոնական կայքերում»:
Հիշեցնենք՝ Արարատի մարզպետը տեղեկացրել էր, որ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք, վարակակիրներից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել:
Այսօր ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ասուլիսում տեղեկացրել էր Նորաշենից երեկ տեղափոխված 28 կոնտակտավորների մասին: