«Եկել է ժամանակը. պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է. նա մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:
ԱԺ ժամանելուց հետո Սերժ Սարգսյանը թեև Ապրիլյան պատերազմի մասին հարցերին չպատասխանեց, սակայն մի քանի րոպեով շփվեց լրագրողների հետ՝ նշելով, որ լրագրողներից շատ է շահագրգռված՝ շփվելու ԶԼՄ ներկայացուցիչների հետ այն պարզ պատճառով, որ թաքցնելու որևէ բան չունի:
«Եկել է ժամանակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով այս հանգամանքից, դիմել եմ հանձնաժողովին՝ իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Սակայն հանձնաժողովը նպատակահարմար գտավ նիստն անցկացնել այսօր, ինչպես հայտնի է՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց: Փաստորեն, ես այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ էլ մեր հանրությանը: Ուստի խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում, և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ իր գրասենյակը հայտարարություն է տարածել, և հորդորեց ծանոթանալ այդ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 6-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Գրությունը ստանալուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կմասնակցի հանձնաժողովի նիստին: