Կառավարությունը 90 մլն դրամ հատկացրեց թոքերի արհեստական շնչառական ապարատի 5 նմուշի ստեղծման համար
Կառավարությունն այսօր 90 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացրեց Ինժեներական ասոցիացիային՝ թոքերի արհեստական շնչառական ապարատների նախագծման, լաբորատոր փորձարկման 5 նմուշի մշակման համար:
Համապատասխան նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա փոխանցմամբ՝ նախապես հայտարարված մրցույթին թոքերի արհեստական շնչառական ապարատների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության, գաղափարների հավաքագրման համար 300 հայտ է ստացվել, և ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում հնարավոր է նման սարքավորումներ արտադրել շուկայականից երկու անգամ պակաս գնով՝ ամեն ամիս՝ 40-50 հատ:
Ըստ նախարարի՝ այսօր աշխարհում կա նման արտադրանքի 800 հազարի պահանջ, և սա հնարավորություն է ստեղծում այս տարբերակով մուտք գործել նաև համաշխարհային շուկա:
Կարևորելով նախագիծը՝ վարչապետ Փաշինյանը նկատեց, որ, եթե անգամ տաք եղանակներով պայմանավորված՝ հնարավորություն լինի կորոնավիրուսի համաճարակի տեմպերի նվազում ունենալ, չկա, սակայն, վստահություն, որ այն աշնանը կամ ձմռանը կրկին չի բռնկվի, ուստի նման արտադրության իրականացումը ևս շատ կարևոր է: