«Սամվել Բաբայանի հետ պաշտոն տալու շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել. նրան պաշտոնը չի հետաքրքրում». Արայիկ Հարությունյան
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է համագործակցել և՛ փողոցի, և՛ խորհրդարանի ընդդիմության հետ, և՛ արտախորհրդարանական ուժերի:
Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, քանի որ իր ղեկավարած ուժն Արցախի նոր խորհրդարանում մեծամասնություն է, Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դեռ վերջնական չի կարող ասել` կոալիցիոն կառավարությո՞ւն կլինի, թե՞ համագործակցության այլ ձևաչափ:
«Նորից եմ ասում՝ պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ: Օրակարգը նշել եմ՝ սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, ղարաբաղյան խնդիր, անվտանգություն և Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք: Այս օրակարգի շուրջ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Մի քանի օրից կսկսեմ հանդիպումները խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, պատրաստ եմ հանդիպումներ ունենալ արտախորհրդարանական ուժերի հետ ևս, դրանից հետո կունենանք ընդհանուր պատկեր»,- ընդգծեց նա:
Հարցին` արդյոք եղե՞լ են Սամվել Բաբայանի հետ բանակցություններ, քննարկումներ` նրան պաշտոն տալու շուրջ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց` ոչ մեկի հետ որևէ բանակցություն չի եղել:
«Սամվել Բաբայանը մի քանի անգամ այդ հարցին պատասխանել է, որ նրան պաշտոնը չի հետաքրքրում: Եվ ցանկացած իրեն հարգող քաղաքական գործչին և անձին պաշտոնը չի հետաքրքրում, այլ սկզբունքներն ու ծրագրերը: Նա հայտարարել է, որ պատրաստ է ծրագրի շուրջ քննարկումների: Մենք էլ հայտարարել ենք, որ օրակարգի շուրջ քննարկումների պատրաստ ենք ոչ միայն այս, այլև մնացած քաղաքական ուժերի հետ, դրա համար որևէ պայմանավորվածություն չի եղել, եթե լինի, հանրությունը կիմանա դրա մասին»,- շեշտեց Արցախի նորընտիր նախագահը:
Հարությունյանը վստահ է` նախանշած ծրագրերը կարող են իրականացնել, և առաջընթացն ակնառու է լինելու: