
ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը բաշխվում է Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, վերը նշված համայնքների 22 բնակավայրում սոցիալապես անապահով 491 ընտանիքի տրամադրվել է օգնություն՝ սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով արկղներ: «Ճամբարակ համայնքում օգնություն տրամադրվել է Ճամբարակ քաղաքում եւ Վահան ու Թթուջուր գյուղերում, Շողակաթ համայնքում՝ Արտանիշ, Ջիլ Ծափաթաղ, Գեղամասար համայնքում՝ Գեղամասար, Ավազան, Արեգունի, Դարանակ, Կախակն, Կութ, Նորաբակ, Սոթք, Շատվան, Արփունք, Փամբակ գյուղերում: Վարդենիս համայնքում օգնությունը բաշխվում է Վարդենիս քաղաքում, Ներքին եւ Վերին Շորժա գյուղերում: Երեկվա դրությամբ օգնության բաշխումն ավարտվել է Գեղամասար եւ Շողակաթ համայքների բնակավայրերում, իսկ այսօր այն ընթացքի մեջ է Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում»,-ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան