«Ես գոհ չեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից». Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում:
«Մենք դա կքննարկենք շատ շուտով, և կլինի զեկույց: Ես գոհ չեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ իրենց քննարկման առանցքում կլինի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:
Ապրիլի 10-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ օրերին ամերիկյան կառավարությունը հայտարարություն կանի իր կողմից ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման վերաբերյալ: Մի քանի անգամ ԱՄՆ-ի նախագահի կողմից քննադատություն է հնչել ԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ: «Թվիթեր»-ում նա գրել էր, որ այդ կազկերպությունը «հիմանականում ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, սակայն կենտրոնանում է Չինաստանի վրա»: Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնում դիտարկում են ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման հարցը: