«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է. ՔԿ
2019թվականի դեկտեմբերի 19-ին «ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցները խմբագրությունը հայտնաբերել էին տակնուվրա եղած վիճակում: Այդ գիշեր ինչ-որ անձինք մտել էին խմբագրություն, տակնուվրա արել այն, սակայն ձեռք չէի տվել ո՛չ այնտեղ գտնվող թանկարժեք գույքին, ո՛չ խմբագրությունում եղած գումարին:
Խմբագրություն ներխուժման փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:
ՔՕ 164 հոդվածը ենթադրում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն, որի 1-ին մասով նախատեսված է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով՝ կատարվածը գողության փորձ է, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով:
Քրեական գործի ընթացքի մասին տեղեկություն ստանալու համար 168.am-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից, մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեցին, որ գործի վարույթն այժմ կասեցված է:
«Քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով»,- 168.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը: