ԲԴԽ-ն հերքում է. Աննա Դանիբեկյանը չի հրաժարվել Ռոբերտ Քոչարյանի գործից
Երեկ ԶԼՄ-ներում տեղեկատվություն շրջանառվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Երկրորդ նախագահի գործը քննելուց, և, որ այդ պատճառով է ձգձգվում վիրահատությունից հետո նրա` աշխատանքի վերադարձը։
168.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Բարձրագույն դատական խորհրդից։
ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը։ Նշեց նաև, որ այս մասով ուժի մեջ է ԲԴԽ տարածած վերջին հաղորդագրությունը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և, եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»,- ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։