ՏՄՊՊՀ-ն դեռևս համաձայնություն չի տվել Ucom-ի և Beeline-ի համակենտրոնացմանը
«Ucom և Beeline ընկերությունների համակենտրոնացման հայտի մասին նիստերը ՏՄՊՊՀ-ն կասեցրել է». անդրադառնալով Ucom ընկերության մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ համասեփականատերերից մի քանիսի աշխատանքից ազատման դիմումներին ու առաջացած աղմուկին՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա պատմեց, որ այս երկու ընկերությունները համակենտրոնացման հայտ ներկայացրել են դեռ անցյալ տարվա վերջին:
«Հանձնաժողովն իրականացրել էր ուսումնասիրություն, ուսումնասիրվել էր ավելի, քան 600 անուն փաստաթուղթ, հանդիպումներ էին տեղի ունեցել երկու կողմերի հետ, իրականացվել էր վարույթ, որը հրապարակային էր եղել: Քննարկումներ ունեցել ենք նաև ոլորտում գործող այլ ընկերությունների, հասարակական կազմակերպությունների հետ, աշխատանքները շարունակվում էին: Մարտի 19-ին հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պաշտպանման անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, բոլոր նիստերը, այդ թվում՝ այս երկու ընկերությունների համակենտրոնացման գործընթացը, կասեցրել էր: Ucom-ում տեղի ունեցած իրադարձությունները կապ չունեն հանձնաժողովի որոշման հետ, համակենտրոնացում թույլ տալու, թույլ չտալու, կամ որևէ պայմանով թույլ տալու որոշում չկա, հանձնաժողովը չունի ավարտված դիրքորոշում, քննարկումները շարունակվում են»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ կա մտահոգություն, որ համակենտրոնացման դեպքում աշխատակիցների՝ աշխատանքից դուրս գալով պայմանավորված՝ կարող են ընկերության աշխատանքները կանգնել:
«Պետությունը պետք է կարգավորման հատուկ սխեմաներ ունենա, որ հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքները մնան անխափան»,- ասաց Գևորգյանը: