«Այս խորհուրդներով Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե օգնում է իշխանությանը, այլ վնասում է». Արա Պապյան
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել էր համավարակի հետևանքով երկրում ստեղծած իրավիճակին` նշելով, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է «պատերազմական վիճակում», ընդ որում, նրա գնահատմամբ` շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։
Ըստ այդմ, Առաջին նախագահը մի քանի քայլեր է առաջարկել իրականացնել այս իրավիճակում՝քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները։ Առաջարկում է նաև դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։
Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկները, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ պետք է արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։
«Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։ Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։
Հուսալ, որ Հայաստանի Երկրորդ և Երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»,- գրել է Առաջին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի, մասնավորապես՝ Արցախի ընտրությունների վերաբերյալ նրա դիտարկումների շուրջ 168.am-ը զրուցեց «Մոդուս Վիվենդի» կենտրոն ՀԿ ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի հետ:
Արա Պապյանի խոսքով՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Արցախում իշխանության մարմինների շուտափույթ ձևավորում պետք է լինի, հարցեր են առաջանում, թե ո՞վ և ինչպե՞ս պետք է ձևավորի, և արդյո՞ք հասարակությունը կընդունի:
«Ընդհակառակը, կարծում եմ՝ բնավ էլ այս ընտրությունները հարմար չէին, ամեն ինչ պետք է հետաձգվեր (սրա մասին արտահայտվել էի վաղուց), թողնեին հետագային, մինչև լուծման ձև կլիներ: Նա առաջարկում էր ինչ-որ միացյալ մարմին ստեղծել: Այստեղ մանրամասներն են կարևոր. եթե խոսքը վերաբերում է նրան, որ այնպես պետք է լինի, որ, այսպես ասած, երկու բաղադրիչ լինի և իրավահավասար, ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ այդպես չի եղել: Այսինքն՝ դե ֆակտո անգամ նրա ժամանակ էլ Արցախը միշտ եղել է, և այդպես էլ պետք է լիներ, կամ Ստեփանակերտը միշտ էլ եղել է Երևանի ենթակայության տակ. չի կարող մասն ամբողջին հավասար լինել:
Հարցը հետևյալն է՝ կա՛մ այս ամբողջ գործընթացը չեղարկենք և թողնենք ավելի լավ ժամանակների, կա՛մ հարցն ավելի մանրամասն պետք է քննարկվի, որովհետև մանրամասներն են կարևոր, ամեն մի մանրուք կարող է ամբողջը փոխել»,- ասաց Արա Պապյանը:
Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը որքանո՞վ է օբյեկտիվ իր հնչեցրած գնահատականներում, քաղաքագետը պատասխանեց, որ նրա անձի նկատմամբ կա ոչ միանշանակ վերաբերմունք, անձամբ ինքն էլ ոչ միանշանակ վերաբերմունք ունի:
Ըստ Ա. Պապյանի՝ շատ քաղաքական գործիչների գործունեությունը կարելի է բաժանել երկու ժամանակային հատվածի՝ առաջին փուլի Լևոն Տեր-Պետրոսյան, որին ժամանակին աջակցել է և բավականին մոտ հարաբերություններ է ունեցել նրա հետ, և երկրորդ փուլի Տեր-Պետրոսյան, որտեղ, ըստ Պապյանի՝ կարելի է կիրառել հայտնի խոսքը՝ «իշխանությունը փչացնում է իշխանությանը, բացարձակ իշխանությունը՝ բացարձակ է փչացնում»:
«Նրա հետ տեղի ունեցածը տեղի ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա այդ գործընթացը տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Օրինակ, եթե Տեր-Պետրոսյանը կամ Քոչարյանը մեկ փուլով կառավարեին, ոչ թե երկու, վստահաբար նրանք շատ ավելի դրական կերպարներ կմնային պատմության մեջ: Հիմա, բնականաբար, քանի որ նրա նկատմամբ չկա այն վստահությունը, նրա արտահայտած յուրաքանչյուր խոսքի նկատմամբ չկա այդ վստահությունը: Այստեղ որոշակի կողմնապահություն նկատվում է. հասկանալի չէ՝ այդ առաջարկները որ անում է, ինչի՞ համար է:
Օրինակ՝ ի՞նչ է նշանակում՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների սառեցում, այսինքն՝ սա ի՞նչ է տալու, արդյո՞ք սա չի նշանակում՝ կոծկել: Կամ՝ այն առաջարկը, որը վերացական է ասում, թե՝ կան «հանճարեղ» մարդիկ, որոնք տարբեր առաջարկներ են անում, նրանց բերանները պետք է փակել և լինել միասնական: Սա սխալ եմ համարում, որովհետև նույն իր կառավարման տարիներին բոլոր հաջողությունները, ինչն ունեինք, կապված էր այն բանի հետ, որ, օրինակ, սկզբնական փուլում կար բավականին լավ դեմոկրատիա, և յուրաքանչյուր հարց քննարկվում էր, խոսքային բախումներ էին տեղի ունենում և որևէ ճիշտ լուծում էր գտնվում:
Հետո, երբ իշխանությունը կարծրացավ, և այլևս խոսք ասել չէր լինում, կամ ասում էիր՝ «շան տեղ» դնող չկար, սխալները շատացան, որը հանգեցրեց «վիրահատական միջամտության», այն էլ՝ հեղաշրջմամբ: Այսինքն՝ քննադատությունները պետք են, որպեսզի քաղաքական հիվանդությունները չխորանան, և չլինեն այնպիսի դեպքեր, որոնք պարբերաբար տեղի էին ունենում Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջում»,- շեշտեց նա:
Հաջորդ հարցին՝ օբյեկտիվ լինելու համար ինչո՞ւ Լևոն-Տեր-Պետրոսյանը չի մեղադրում նաև իշխանություններին՝ Արցախում ընտրություններ թույլ տալու համար, Արա Պապյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, քանի որ ինքն ի սկզբանե հանդես է եկել երկու դիրքորոշմամբ, որ Արցախը Հայաստանի մաս է, և այնտեղ անկախության խաղը Հայաստանին ոչինչ չի տալու, այսինքն՝ Հայաստանի վրայից հարվածը չի շեղում, և փոխարենը՝ լինում է ներքին պառակտվածություն: Ավելին՝ Արցախում մտայնություն է առաջացել, որ նրանք իսկապես առանձին են, ինչն այդպես չէ:
Ուստի, քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը որքան շուտ կարողանա Արցախը դարձնել մարզերից մեկը, այնքան ճիշտ կլինի:
Թե ինչո՞ւ այս ամենը չի արվում, Արա Պապյանը ենթադրում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրա կողմնակիցն է եղել իշխանության գալուց հետո, իսկ իշխանության գալուց առաջ ասում էր՝ պայքար-պայքար՝ մինչև վերջ, ինչը նշանակում էր՝ Արցախի միացում, իսկ իշխանության գալուց հետո կտրուկ փոխեց տեսակետը և հստակ իր հարցազրույցներից մեկում ասաց, որ, եթե Հայաստանին տրվեն անվտանգության երաշխիքներ, «Արցախը՝ Ադրբեջանի կազմում» տարբերակն ընդունելի կլինի:
«Նա սկսեց, այսպես ասած, Հայաստանից օտարել Արցախը, որ իրենք իրենց համար լինեն որոշակի երաշխիքներով, մենք՝ մեզ համար: Քաղաքագիտությունը չի կարող լինել վերացական գիտություն, քանի դեռ այն չի իրականացվում կյանքում, որևէ մեկին պետք չէ, ուրեմն, Տեր-Պետրոսյանի բոլոր մտքերը ոչ թե սխալ են կամ ճիշտ, այլ անիրագործելի են, հետևաբար՝ արդեն սխալ են, եթե անիրագործելի չեն: Հիմա նա շարունակում է նույն տեսակետը, որ ներկա իշխանությունների համար Արցախը գլխացավանք է, թող իրենք իրենց համար լուծեն: Զգում եմ, որ այս գաղափարը նաև Արցախում է սկսում արմատներ նետել: Այսինքն՝ նրանք, հույսները կտրելով Երևանից՝ որպես խնամակալի, հայացքները սկսում են դարձնել դեպի Մոսկվա»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ արդյո՞ք այս կերպ Լևոն Տեր-Պետրոսյանը չի փորձում լռեցնել իշխանությունների ընդդիմախոսներին, Արա Պապյանը պատասխանեց, որ այս միտքը կա, երբ նա ասում է, թե այս պահին պետք չէ քննադատել, և այլն, ինչը համարում է սխալ քաղաքականություն հենց իշխանությունների համար:
Ա. Պապյանի համոզմամբ՝ հակառակը, նման լարված պայմաններում իշխանությունները պետք է թույլ տան, որպեսզի հասարակությունն ավելի շատ արտահայտվի, որպեսզի խնդիրներն այս տեսակ «չթարախակալեն». եթե խոսքերով բախում է գնում, ապա այն կանխում է այլ բախումներ:
«Մենք տեսնում ենք, որ կոշտ համակարգերը, ինչպես ամեն մի կոշտ բան, ջարդվում ու փշրվում են, իսկ ճկուն համակարգերը կարող են ճկվել, բայց դիմանում են: Այսինքն՝ հասարակությունը պետք է արտահայտվելու միջոց ունենա, որպեսզի իր զայրույթի, հիասթափության բացասական էներգիան դուրս գա, սա շատ կարևոր հանգամանք է: Ինչպես անհատ մարդը կարիք ունի արտահայտվել իր վշտի մասին, ինչը կարևոր է, որպեսզի այդ մարդը չխախտվի, նույնն էլ մեր հասարակությունը կարիք ունի արտահայտվելու: Այս խորհուրդներով նա ոչ թե իշխանությանն օգնում է, այլ վնասում է:
Հիմա իշխանությունն ի՞նչ է կորցնում նրանից, որ ոմանք նույն Ֆեյսբուքում են հայհոյում, ինչը, իհարկե, անընդունելի է, բայց պետք է ընդունենք, որ նույնիսկ այդ հայհոյանքը նվազեցնում է լարվածության աստիճանը, սա բերում է հասարակության մի փոքր ինքնահանգստացման: Նման բաներ կան, որոնք պետք է հաշվի առնել, եթե ընտրությունը վատի և վատագույնի միջև է, ավելի լավ է՝ վատն ընտրել, քան՝ փակել բոլորի բերանը և ակնկալել պայթյուն»,- եզրափակեց Արա Պապյանը: