Թաիլանդը կարող է խստացնել պարետային ժամը
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության մամուլի քարտուղար Նարիմոն Պինոսինվատին:
Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, երկրում ներկայում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 4:00-ը:
«Վարչապետը լրջորեն մտածում է 24 ժամյա պարետային ժամի մասին: Ամեն ինչ կախված կլինի առաջիկա 7 օրերին վարակվածների թվի ավելացման դինամիկայից և թե որքանով մեր քաղաքացիները կպահպանեն անհրաժեշտ կանոնները»-ասել է նա:
Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 1978 դեպք: Մահացության ցուցանիշը 19-ն է: