Էդմոն Մարուքյանը իշխանությանը կոչ արեց չշահարկել և «քֆուր չդնել» օրենքի քվեարկության վրա

«Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, որ ոստիկաններն ու բուժաշխատողները չեն հասցնում, մեր կողմից հնչեց առաջարկ՝ դանդաղեցնելու այդ գործընթացը որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի։ Ըստ էության, ընդդիմությունն այսօր իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի»,- ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ԱԺ կողմից չընդունվեց, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոչ բոլորն էին ներկա նիստին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով Լիլիթ Մակունցին՝ ասաց, որ պետք չէ նման հայտարարություններ անել և իշխանության անգործությունն ու անիմաստ օրենք բերելը բարդել ընդդիմության վրա․

«Քիչ առաջ, մեր գործընկերներից մեկը ասում էր, որ աշխատավարձ եք ստանում, ո՞ւր եք, չեք եկել հանձնաժողովի նիստին․ դուք ունեք 88 մանդատ, հիմա այդ աշխատավարձ ստացողները բա ո՞ւր են, չեն եկել՝ քվեարկեն, որ ձեր օրենքն ընդունվի։ Ընդդիմության ձայներո՞վ եք ուզում՝ ձեր օրենքն ընդունվի, որին ընդդիմությունը դեմ է։ Հետևաբար, ես ձեզ կոչ եմ անում՝ չշահարկել որևէ քվեարկություն, նախկինում մեր հարգարժան նախագահի ասած՝ քֆուր չդնել օրենքի քվեարկության վրա, յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի, ամեն մեկն իր գործով է զբաղված»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ ինչ-որ առումով համաձայն է Էդմոն Մարուքյանի հետ․ «Իրոք, ճիշտ եք անում, որ մեզ քննադատում եք, որ մենք ոչ ամբողջական և ոչ ճիշտ պատկերացում ունենք մեր որոշ գործընկերների վերաբերյալ»։

Ավելի ուշ պատգամավորը հավելեց․ «Որպեսզի հետո շահարկումների առիթ չլինի՝ ես ընդդիմադիր գործընկերներիս նկատի ունեի»։

Տեսանյութեր

Լրահոս