Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում ընտրություններն անցնում են առանց խախտումների․ հանձնաժողովի նախագահ
Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում ընտրություններն անցնում են հանգիստ և առանց խնդիրների:
Այս մասին ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Միքայելյանը։
Նրա խոսքով՝ ընտրատարածքում գրանցված է 1042 քաղաքացի. ժամը 10:30-ի դրությամբ՝ քվերակությանը մասնակցել է մոտ 200 մարդ:
Խոսելով ընտրության ընթացքի մասին՝ մեր զրուցակիցն ավելացրել է. «Քաղաքացիների կողմից նկատելի է մեծ ակտիվություն, ինչն ուրախալի է, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ այսպես չէր։ Ընտրատարածքում մինչև հիմա չի գրանցվել որևէ բողոք, խախտում, ու չեն եղել անճշտություններ։ Ընտրատեղամասը նախապես ախտահանվել է. կան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ձեռնոցներ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման գրիչներ, որոնք տրամադրվում են ընտրողներին։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանգիստ մասնակցել ընտրական գործընթացին և իր քաղաքացիական պարտքը կատարել՝ հանուն մեր հայրենիքի: Տարածքն ամբողջովին տեսանկարահանվում է: Ներկա են բոլոր թեկնածուների և կուսակցությունների վստահված անձինք, ովքեր ևս ուշադիր հետևում են այս քաղաքական գործընթացին:
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նույնպես միջոցներ են ձեռնարկվել՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ և ընտրատեղամասերում կառուցելով թեքահարթակներ. այս ամենը չէր եղել նախորդ ընտրությունների ժամանակ»: