
Արցախի ընտրությունների Երևանի տեղամասում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 94 ընտրող

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ մարտի 31-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ մարտի 31-ի ժամը 20:00-ն:
Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ միջոցներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ:
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:
Ժամը 11:00-ի դրությամբ Ե/1 ընտրատեղամասում քվեարկել է 94 ընտրող: