
«Նոր Զովք»-ը գնում է «Երևան Սիթիի» հետքերով, իսկ ՏՄՊՊՀ-ն՝ նրանց հետևից

Օրերս 168.am-ը գրել էր վերջին 10 օրվա ընթացքում կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման մասին: Մասնավորապես անդրադարձել էինք «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կոճապղպեղի գնին, որը նախկին 1600-1700 դրամի փոխարեն՝ վաճառվում է 3500 դրամով:
Մեր հրապարակումից օրեր անց նույն խնդրին է անդրադարձել նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով լուսանկար, որից երևում է, որ կոճապղպեղի 1 կգ-ի արժեքը «Նոր Զովք» սուպերմարկետում 19 500 դրամ է:
Ահազանգի հետ կապված՝ 168.am-ին փոխանցեցին, որ հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների բարձրացրած ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով, իսկ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լուսանկարը՝ Գևորգ Գորգիսյանի ֆեյսբուքյան էջից