«Մենք չգիտենք, թե կորոնավիրուսը որքան է պահպանվում օրգանիզմում, այդ պատճառով էլ պարտավոր ենք կանխարգելիչ միջոցառումներ ընդունել». Հովհաննես Հովհաննիսյան
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով իրավական կարգավորում է սահմանվում՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում անատոմիական դիահերձումներ չկատարել:
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ժամանակին մեծ հետազոտություն է իրականացրել դիակիզարանների թաղման վայրի հետ կապված, և այսօր խնդիրը վերաբերում է ոչ միայն բուժաշխատողներին, այլև հետագայում նույն դագաղի քայքայմանը, որը կարող է խառնվել ջրերին և վնասել արդեն առողջ մարդկանց:
«Այս առումով Զեյթուն համայնքի գերեզմանատունը գտնվում է թեք վայրում, որտեղ, քայքայման պարագայում, հնարավոր է՝ այդ մանրէները անձրևաջրերի միջոցով գան և խառնվեն ջրամբարին, որտեղից մատակարարվում է խմելու ջուրը: Իհարկե, նման խնդիրների հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում: Մենք չգիտենք, թե կորոնավիրուսը որքան է պահպանվում օրգանիզմում, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցառումները, ինչպես այս նախագիծն է, պարտավոր ենք ընդունել, որպեսզի կանխարգելենք հետագայում ևս: Նաև այն դագաղները, որոնք կլինեն, փակ լինեն, ցինկ դագաղներ լինեն, որոնք երկար ժամանակ չքայքայվեն»,- նշեց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ, հավանաբար բոլորն էլ տեսել են Իտալիայի մահվան հազարավոր դեպքերը, դիակները բոլորն էլ փակ դագաղներում են, և հարազատներին արգելում են դրանց մոտենալ: