«Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը
Այս օրերին բավականին ակտիվ քննարկվում է սննդի գնաճը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատահական» հեռախոսազանգերի միջոցով փորձում է մարդկանցից ճշտել՝ ապրանքները թանկացել են, թե՝ ոչ: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և իշխանամետ որոշ սազանդարներն էլ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ որևէ մեկը բարձրաձայնում է գնաճի մասին ու դրան հակառակ, առանց որևէ ապացույցի հայտարարում են, որ գնաճ չկա:
Փորձեցի ինքս պարզել և խանութներում արձանագրեցի խայտառակ վիճակ՝ հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի առումով:
Այսպես, ոչ շատ մեծ, բայց գնաճ կա կաթնամթեքի արտադրանքի մեջ:
Թանկացել է նաև ձուն՝ 35/40 դրամից հասնելով 45/60 դրամի:
Ալյուրի շուկայում ընդհանրապես անհասկանալի վիճակ է. ալյուրի տեղական որոշ տեսակներ ոչ միայն թանկացել են, այլև ընդհանրապես չկան՝ դեֆիցիտ է: Օրինակ՝ «բաղրամյանի ալյուրը»: Ինչ վերաբերում է ներկրված, հատկապես ռուսական ալյուրին, ապա այն բավականին թանկացել է:
Բավականին թանկացել է երշիկեղենը: Այսպես, «Բարի Սամարացի» ֆիրմայի «Լեռնային հսկա» երշիկի 1 կիլոգրամը 3300 դրամից հասել է 4000 դրամի, իսկ «Բժշկական» երշիկը 2800-ից թանկացել է մինչև 3000 դրամի: «Բեկոն» ֆիրմայի երշիկեղենը ևս թանկացել է:
Բավականին թանկացել է ձավարեղենը: Այսպես, հնդկաձավարի 1 կիլոգրամը 500 դրամից դարձել է 700 դրամ:
Թանկացել է նաև մակարոնեղենը: Իտալական և ռուսական արտադրության մակարոնեղենը արձանագրել է զգալի գնաճ, իսկ հայկական «Մելո Գրանո» ֆիրմայի մակարոնեղենը 330 դրամից հասել է 360 դրամի: Խայտառակ թանկացել է օղին: Օրինակ՝ 0,5 լիտրանոց «Ստալիցա» օղին 1100 դրամից հասել է 1820 դրամի, իսկ «Ավշարի» 0,5 լիտրանոց «Իմպերսկայա» օղին 900 դրամից դարձել է 1650 դրամ:
50-100 դրամով թանկացել են ռուսական և ուկրաինական արտադրության թխվածքաբլիթները: Օրինակ՝ «Յաշկինո» ֆիրմայի արտադրանքը:
Շեշտակի թանկացել են «Անկոր» և «Վալիո» կարագների գները…Եթե մի քանի օր առաջ «Անկոր»-ի 1 կիլոգրամն արժեր 3900 դրամ, ապա այժմ այն հասել է 4500 դրամի, իսկ «Վալիո»-ն 3800 դրամից հասել է 4280 դրամի:
Ուղղակի թռիչքաձև աճել է մրգերի գինը, հատկապես՝ վիտամին «C»-ով հարուստ մրգերը. կիվիի 1 կիլոգրամը 1200 դրամից հասել է 1600 դրամ, նարինջը՝ 500-ից հասել է 700-750 դրամի, 1 լիմոնի գինը 150-200 դրամից բարձրացել է մինչև 300/350 դրամ: Բավական թանկացել են նաև մանդարինը, խնձորը, տանձը և այլն:
Դե իսկ կոճապղպեղի (իմբիր) մասին խոսելն ավելորդ է. 13-14 հազար դրամով (1 կիլոգրամի մասին է խոսքը) եթե գտնես, ապա բախտավոր կհամարվես:
Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞:
Իշխանավորներին և նրանց սպասարկող օգտատերերին խորհուրդ եմ տալիս խանութներ մտնելիս հանել «վարդագույն ակնոցները» և առնչվել գնային դառը իրականության հետ՝ ինչպես դա այս օրերին անում ենք շարքային քաղաքացիներս»: