«Փրկելով տուրիզմը՝ փրկելու ենք ՀՀ տնտեսությունը, քանի որ տուրիզմն ունի շատ մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ». Զբոսաշրջային ընկերության ղեկավար
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ զբոսաշրջային բոլոր ընկերությունները ժամանակավորապես փակվել են և սպասում են, թե դեպքերն ինչպես կզարգանան, և երբ կվերսկսեն աշխատանքները:
«Visit Armenia» DMC & Travel զբոսաշրջային ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին զրոյական վիճակում են, մարտի 13-ից չեն գործում, սակայն աշխատողների աշխատավարձը վճարել են:
«Առհասարակ որևէ ամրագրում չունենք, բոլորը չեղարկվել են, և մեր կողմից բոլոր գումարները վերադարձվել են՝ և՛ ներգնա, և՛ արտագնա տուրերի մասով, սրան զուգահեռ՝ մենք բազմաթիվ ներդրումներ էինք արել՝ ցուցահանդեսների մասնակցություն, ինֆոտուրերի կազմակերպում, մարքետինգային այլ ծախսեր, նաև զբոսաշրջային և հյուրանոցային ամրագրումների 2 տարբեր համակարգերի ստեղծում: Այս պահին զրոյական վիճակում նստած ենք, ինչ խնայած միջոցներ ունեինք, դրանով փորձում ենք գրասենյակը դեռ պահել՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու հետագայում»,- ասաց Վ. Գևորգյանը:
Նա ընդգծեց, որ այս իրավիճակում զբոսաշրջությունն առաջին հարվածն ընդունող ոլորտն է, որից հետո՝ զբոսաշրջության հարակից ոլորտները՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտային ընկերություններ և այլն: Ուստի, եթե այլ ոլորտներում հնարավոր է 1-2 ամսում վերականգնել իրավիճակը, ապա զբոսաշրջության ոլորտում այդպես չէ, և՛ ներգնա, և՛ արտագնա զբոսաշրջության դեպքում մարդիկ 3-4 ամիս, նույնիսկ 1 տարի առաջ պլանավորում են իրենց հանգիստը:
«Օրինակ, ներգնա տուրիզմի համար մենք փաթեթներ ենք վաճառում մեկ տարի առաջ, հունվարից սկսում ենք փաթեթ վաճառել՝ հոկտեմբերին կայանալիք գինու փառատոնի հետ կապված, եթե այս համատեքստում դիտարկենք և հաշվենք մեր աշխատավարձերի ֆոնդը և մնացած ներդրումները, նաև հասկանալով, որ մոտակա 3-6 ամիսներին վաճառքների ծավալը չի ավելանալու, կարող եմ ասել, որ մեր կորուստները հասնելու են մինչև 20 մլն դրամի, իհարկե, ոչ թե այս պահին, այլ այս միտումները տեսնելով»,- շեշտեց «Visit Armenia» DMC & Travel ընկերության հիմնադիրը:
Նա միաժամանակ նշեց, որ առայժմ փորձում են պահել ընկերության աշխատակիցներին, դեռևս որևէ մեկին աշխատանքից ազատելու հարց դրված չէ, քանի որ աշխատողն ընկերության համար առաջին տեղում է, բայց եթե այսպես շարունակվի, ապա ընկերությունում աշխատակիցների կրճատում կլինի, քանի որ վնասները հաշվի առնելով՝ պետք է անցնեն խնայողական ռեժիմի, այլ տարբերակ չկա:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում Կառավարության անելիքներին, որոնք միտված կլինեն ոլորտը մինիմալ կորուստներով իրավիճակից դուրս բերելուն, Վլադիմիր Գևորգյանն ասաց, որ Կառավարությունն արդեն ընդունել է հինգ փաթեթ՝ կապված այս իրավիճակում տարբեր ոլորտների վերաբերյալ, որից առաջինը վերաբերում է ընդհանուր բիզնեսին, և զբոսաշրջությունը կարող է այնտեղ ներառված լինել, իսկ երրորդն ուղղված է կոնկրետ զբոսաշրջությանը:
«Բայց այնտեղ բաներ կան, որոնք զբոսաշրջության հետ կապված բարդություններ են առաջացնում, պայմաններից մեկն այն է, որ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պետք է պետք է պակաս չլինի 2019 թ․ շրջանառության 12 տոկոսից: Զբոսաշրջությունում և առհասարակ հարակից ոլորտներում, մասնավորապես՝ մարզերի հյուրանոցներում, այդպես չէ, քանի որ առաջին եռամսյակում դեռ չունեն այդ վաճառքները, այսինքն՝ առաջին եռամսյակը համարվում է ցածր սեզոն: Մենք էլ մեր ընկերությունում, երբ նայում ենք, առաջին եռամսյակում ընդհանուր շրջանառության 12 տոկոսը դժվար է լինում ապահովել, և սա ոլորտային է: Հետագայում արդեն երկրորդ եռամսյակում սկսում է աճել, երրորդ եռամսյակում սկսում է հասնել իր պիկին, որից հետո՝ կրկին նվազել:
Այս պայմանը գոնե պետք է փոխվի, որպեսզի մենք կարողանանք աջակցության ծրագրով դիմել: Հինգերորդ փաթեթը, որով նախատեսվում է, որ աշխատողներին պետք է տրամադրվի որոշակի գումար՝ միանվագ, փոքր գումար է, եթե ընդհանուր հաշվարկով ասենք, ապա մի աշխատողի աշխատավարձի 20 տոկոսն է կազմում, բայց դա այն գումարը չէ, որոշակի առումով պետք է 50/50 լինի, նույնիսկ ավելի շատ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակում առաջին հերթին շտապ պետք է մշակվի և իրականացվի երկրի զբոսաշրջության մարքետինգային քաղաքականություն, այսինքն՝ այս իրավիճակի ավարտից հետո պետք է մասնակցել միջազգային ցուցահանդեսների, և յուրաքանչյուր կազմակերպություն, որը վերջին հինգ տարում իր գումարներով մասնակցել է ցուցահանդեսների, երբ մեկ ցուցահանդեսն արժեցել է 2-3 մլն դրամ, գոնե վերջին հինգ տարիների մասնակիցներին երկու ցուցահանդեսի անվճար մասնակցություն ապահովվի:
Բացի այդ, նկարահանել Հայաստանը գովազդող գեղեցիկ տեսահոլովակներ, պատվիրել հոդվածներ, որոնք պետք է տարածվեն տարբեր միջազգային հեռուստաընկերություններով, թերթերով և ԶԼՄ այլ միջոցներով, որպեսզի հնարավոր լինի որոշակի զբոսաշրջիկներ ներգրավել:
Նաև՝ ինֆոտուրերի կազմակերպում տարբեր միջազգային զբոսաշրջային ընկերությունների համար: Սա լավ հնարավորություն է՝ զարգացնել ներքին զբոսաշրջությունը, քանի որ շատերը կնախընտրեն հանգստանալ Հայաստանում, քան համաճարակի պայմաններում մեկնել արտերկիր։ Այդ գումարը կծախսվի Հայաստանում, որը կնպաստի մարզերի զարգացմանը։
«Ամենակարևորը՝ պետք է տուրիզմը լիցենզավորվի, որը մեզ կպաշտպանի ներքին և արտաքին «թշնամիներից», այսինքն՝ անբարեխիղճ տնտեսվարողներից, որոնք իրենց անհեռատես գործողություններով ազդում են և՛ ծառայությունների որակի մակարդակի վրա, և՛ դեմպինգային քաղաքականություն իրականացնելով՝ շատ ընկերությունների կանգնեցրել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ:
Երբ զբոսաշրջությունը լիցենզավորված լիներ, կունենայինք հստակ ռեգիստր, որտեղ նշված կլինեին զբոսաշրջային ընկերությունները, այդ ժամանակ կարող էինք հագիստ ասել, որ Հայաստանում կան հստակ քանակությամբ հաշվառված տուր-օպերատորներ, տուր-գործկալություններ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, տրանսպորտային ընկերություններ, և այլն: Եթե լիցենզավորման հարցը լուծված լիներ, ապա ֆինանսական խնդիրներն էլ կլուծվեին, այսինքն՝ որոշակի ընկերություններ կունենային ավելի կայուն վիճակ և այսօր այս խնդիրների առջև չէին կանգնի: Իսկ այսօր բազմաթիվ ընկերություններ խնդիրներ ունեն, քանի որ դեմպինգի զոհ են դարձել և այս իրավիճակում ավելի լուրջ խնդիրներ ունեն:
Զբոսաշրջության լիցենզավորումը շատ կարևոր պայման է հետագայում համակարգային լուծման առումով, որը կլուծի երեք խնդիր, նախ՝ կապահովի մատուցված ծառայությունների բարձր որակ, կունենանք մրցակցային դաշտ, որով անբարեխիճ մրցակիցները դուրս կգան շուկայից, և նմանատիպ դեպքերում կունենանք զբոսաշրջային ընկերությունների և հարակից ոլորտների հստակ հաշվառում, այսօր Կառավարությունը մարդկանց ուզում է մեկուսացնել հյուրանոցներում, բայց հստակ տվյալներ չկան, թե որքան հյուրանոցային տնտեսության օբյեկտներ ունենք Երևանում կամ մարզերում, որքան մահճակալային ֆոնդ ունենք, որքան ավտոբուս կամ միկրոավտոբուս ունենք։ Փրկելով տուրիզմը՝ փրկելու ենք ՀՀ տնտեսությունը, քանի որ տուրիզմն ունի շատ մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ»,- եզրափակեց Վլադիմիր Գևորգյանը: