«Դա ոչ միայն մեր Սահմանադրության, այլև ՄԻԵԴ պահանջն է». Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ մեկուսացման և ինքնամեկուսացման վերաբերյալ իրենց անհամաձայնությունը կառավարության հետ այն է, որ կառավարությունը գտնում է՝ այս կանոններն արդեն իսկ գոյություն ունեն՝ հղում կատարելով կառավարության որոշմանը, մինչդեռ, ըստ պատգամավորի՝ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները կարող են և պետք է սահմանվեն բացառապես օրենքով.
«Դա ոչ միայն մեր Սահմանադրության, այլև ՄԻԵԴ պահանջն է, իսկ կառավարությունը կարող է այդ օրենքով սահմանված կանոնների որոշ շրջանակներ կոնկրետ արտակարգ դրության պայմաններով առանձնացնի և կիրառի: Ավելին, եթե այդ կանոնները կան, անձինք պետք է կոնկրետ կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն՝ կոնկրետ անձնանց միջոցով, այսինքն՝ իրավասու մարմինը կոնկրետ անձնանց, որոնք ինքնամեկուսանում կամ մեկուսանում են, պետք է ներկայացնի, թե որ կանոնները պետք է պահպանվեն: Հակառակ պարագայում, եթե այդպիսի տեղեկացում տեղի չունենա և բացառապես ԶԼՄ-ներում կառավարությունը արտահայտի իր դիրքորոշումը, թե որոնք պետք է լինեն այդ կանոնները, սրանք քրեական պատասխանատվության առաջացման համար հիմք չեն կարող հանդիսանալ»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համաձայնեց, որ պետք է կանոնը օրենքով սահմանվի. «Որոշ կանոնակարգումներ կառավարության որոշմամբ ունենք, հետագայում էլ կբարեփոխվի օրենսդրությունը»: