Բաժիններ՝

Այլևս նման բան չկրկնվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը քվեարկության չդրեց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայությանը: Նախագծով նախատեսվում էր հատկացնել 26 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը քվեարկության չդրեց, երբ պարզվեց, որ  Քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, և վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Եվ, նրա խոսքով, այս պահին այդ 26 մլն դրամը կոմիտեին տրամադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ գուցե այլ տեղում ավելի արդյունավետ է այս պահին ծախսելը։

«Գործնականում մենք ամեն շաբաթ այս խնդրին անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, կամ պետք է արվի, կամ լինի հիմնավորումը, որ սա այն դեպքն է, որ հանձնարարության տրամաբանության մեջ չէ: Ուրիշ տարբերակ չկա:

Հիմա, եթե 2020 թվականի արդյունքներով պարզվեց, որ Քաղաքաշինության կոմիտեն իր գումարներից 26 մլն պակաս է ծախսել, այս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն: Եթե մենք տարվա վերջում 10 մլն դրամ չենք ծախսելու, իսկ այսօր կան ուրիշ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, մենք ինչո՞ւ ենք հիմա այդքան գումար ուզում: Բոլորս գիտենք, որ թերակատարելու ենք, բայց գալիս շատ փող ենք տալիս: 26 մլն դրամը ուրիշ տեղ ծախսելու ավելի արդյունավետ տեղ կա: Այսօր սա էլ չենք քվեարկում»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց. երբ հանձնարարականը տրվում է՝ պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: «Բանավոր խոսակցությունները դադարեցրեք: Այսպես չի լինի: Սա էլ արդեն երկրորդ անգամ եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին անդրադառնում: Այլևս նման բան չկրկնվի: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս