
«Եթե նույնիսկ նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրն այն պարզապես դուրս գալով օրգանիզմից, մեզ հնարավորություն կտա ստանալ բացասական պատասխան, և դա մեզ հնարավորություն կտա թեստ չանել». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջերս Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած անձանց վիճակին՝ տեղեկացնելով, որ նրանք իրենց լավ են զգում: Նրա խոսքով՝ երեկ միայն մեկ պացիենտի մոտ է եղել ջերմության բարձրացում, նրան կտեղափոխեն հիվանդանոց և կթեստավորեն։
«Մյուսներին թեստավորելու ենք կարանտինային ժամկետը լրանալուց հետո, քանի որ նրանք փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ, եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրը այն պարզապես դուրս գալով օրգանիզմից՝ մեզ հնարավորություն կտա ստանալ բացասական պատասխան, և դա մեզ հնարավորություն կտա թեստ չանել։ Իմաստ չկա մեկուսացված անձանց թեստավորել, քանի դեռ նրանց մոտ չի առաջացել որևէ գանգատ, և չի լրացել կարանտինի ժամկետը»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու հավանականությանը, Արսեն Թորոսյանն ասաց, որ կրկնվելու հավանականությունը որևէ մեկը չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը շրջանառվում է և գիտական հանրության կողմից ուսումնասիրվում է ոչ ամբողջական։
«Բայց եթե կրկնվի, մենք պետք է սովորենք վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես ապրում ենք շատ վիրուսների հետ։ Կորոնավիրուսները, որպես ընտանիք, միշտ առաջացրել են մրսածություն, և կորոնավիրուսներ միշտ շրջանառվել են։ Հետևաբար, եթե մենք անխուսափելիորեն այն նոր տեսակի հետ գնում ենք համակեցության, ինչպես շատ այլ միկրոօրգանիզմների և վիրուսների հետ, պետք է դրան էլ նայենք՝ որպես հնարավոր տարբերակ։ Այս պատճառով էլ, որպես պաշտպանության միջոց, բոլոր միջոցառումները մնում են ուժի մեջ»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև ընդգծեց, որ գալու է մի պահ, երբ թվերի հետևից չեն ընկնելու, ինչպես, օրինակ՝ չեն ընկնում բազմաթիվ վիրուսների թվերի հետևից։ Արսեն Թորոսյանի խոսքով, եթե անձին թեստավորում են 14-րդ օրը և ստանում բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով համոզվում են, որ անձի օրգանիզմում վիրուս չկա, թերևս սա է պատճառը, որ պացիենտին կրկնակի թեստավորում են անում։
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ այս պահին Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 122 դեպք։