Ի՞նչ հարցեր են քննարկվել Վրաստանում վարչապետի վերջին այցի ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակում նա հանդիպումներ էր ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Փաշինյանը հանդիպել էր նաև Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ ընդհանրական է նշված հարցերի այն շրջանակը, որը քննարկվել է՝ երկու երկրների վարչապետների, ապա՝ ընդլայնված կազմերով հանդիպումների ժամանակ:

«Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-վրացական օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարևորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի ուղղությամբ»,- մասնավորապես նշված էր հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան կարևորել են հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով:

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում քննարկել է նաև կոնկրետ բիզնես հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին գրավոր հարցեր էինք ուղղել՝ ճշտելու համար՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է Վրաստանի կողմից Հայաստան IQOS սիգարետների մուտքի ապաարգելափակման հարցը:

Ըստ մեզ հասած լուրերի՝ Վրաստանն առհասարակ արգելափակել է IQOS սիգարետների՝ իր տարածքով մուտքը Հայաստան՝ դրանց՝ աննախադեպ մեծ քանակի պատճառով: Ըստ նույն տեղեկության՝ վրացական կողմը կասկած ուներ, որ այստեղ մաքսանենգության հետ գործ ունենալու խնդիր կա, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հարթել խնդիրն ու բացել IQOS սիգարետների՝ Վրաստանի տարածքով ճանապարհը Հայաստան:

Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ վարչապետի՝ Վրաստան մարտի 3-4-ը կատարած պաշտոնական այցի ընթացքում IQOS սիգարետների հետ կապված հարց չի քննարկվել:

Նշել էին նաև, որ Վրաստանի տարածքով Հայաստան նշված սիգարետների տեղափոխման հետ կապված արգելափակում առկա չէ, և այդ գործընթացի համար սահմանված են հստակ մաքսային կարգավորումներ:

Նաև հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան միրգ-բանջարեղենի տեղափոխման՝ Վրաստանի կողմից արգելքը հանելու հարցը, որովհետև մեր տեղեկություններով՝ Վրաստանը թույլ չի տալիս Իրանից Հայաստանի տարածքով միրգ-բանջարեղեն արտահանել դեպի իր երկիր, ու այնտեղից՝ երրորդ երկրներ:

Ի պատասխան այս հարցի՝ Կառավարությունից 168.am-ին հայտնել են, որ Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան միրգ-բանջարեղեն տեղափոխող բեռնատարների հետ կապված հարցը քննարկվել է վարչապետի՝ Վրաստան մարտի 3-4-ը կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Արդյունքում՝ մարտի 5-ի կեսօրից հետո հայկական բեռնատարները հատել են հայ-վրացական սահմանը, և խնդիրը լուծում է ստացել:

Տեսանյութեր

Լրահոս