Գույք ունե՞ք։ Ապա մենք գալիս ենք ձեր հետևից

Հավանաբար կհիշեք 90-ականների ռուսական հայտնի հեռուստագովազդի՝ «Դուք դեռ լվանում եք, ապա մենք գալիս ենք ձեր հետևից» արտահայտությունը։ Այն ժամանակ խնդիրը, որի պատճառով անհրաժեշտություն էր առաջանում գալ մեր հետևից, վատ լվացված սպիտակեղենն էր, իսկ հիմա՝ 2020-ին, իբր ոչ այդքան լավ լվացված փողերը, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ այդքան պարզ պայմաններում ձեռք բերված գույքը։

Վերջերս Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք։ Ինչ խոսք, հիանալի նախաձեռնություն է, որ օրվա իշխանությունները պետությանն են ցանկանում վերադարձնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, դրան միայն կողմ ենք։ Բայց արդյո՞ք դա է նրանց նպատակը, ավելի ճիշտ՝ արդյո՞ք դրանից չենք տուժի մենք՝ շարքային  քաղաքացիներս, ովքեր իրենց տարիների աշխատանքով կամ գուցե տարիներ առաջ ծնողներից, հարազատներից ժառանգություն, նվիրատվություն ստանալով՝ դարձել ենք գույքի ինչ-որ տեսակի տեր, որում էլ այժմ կազմակերպում ենք մեր կենցաղը կամ դրանով գուցե մեր ապրուստի միջոցն ապահովում։

Այս օրենքն ավելի շատ անհանգստություն է պատճառում՝ քան վստահություն ներշնչում, թե դրանով հնարավոր կլինի կանխարգելել գույքի ապօրինի ձեռքբերումները և պաշտոնյաների կողմից փողերի լվացման հնարավոր տարբերակները, և, որ այն ոչ մի պարագայում չի վերածվի կուլակաթափության ժամանակակից մեթոդի։ Կասեք՝ սա ձեզ չի՞ վերաբերում, քանի որ խոսքը միայն պաշտոնյաների մասին է։ Ո՛չ։ Օրենքում հստակ գրված է, որ ստուգման է ենթակա նաև տվյալ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձը՝ լինի մերձավոր ազգական, ժառանգ կամ մեկը, ում հետ տվյալ պաշտոնյան վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ մեկը, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք։

Իզուր չէր, որ հենց ամենասկզբում մտքով 90-ականներ գնացինք։ Հավանաբար կհիշեք, թե ինչպես մութ ու ցուրտ տարիներին օդանավակայանի տոմսի համար, բառի բուն իմաստով, մարդիկ «ջրի» գնով տուն էին վաճառում ու Հայաստանից գնում: Ո՞վ էր այդ ժամանակ փաստաթղթերի մասին հիշում, գույքի ձեռքբերման օրինական հիմքերի, գումարի ծագման աղբյուրների մասին, նույնն էլ, երբ ժառանգության կամ նվիրատվության կարգով տուն էին փոխանցում, ո՞ւմ մտքով այդ ժամանակ կարող էր անցնել գույքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի ու ապացույցների տրցակներ հավաքել, ինչ է թե՝ մի օր հեղափոխություն է լինելու, ու մի օրենքի թեթև ձեռքով ունեցած-չունեցածդ կորցնելու վտանգի առաջ ես կանգնելու, դրան էլ գումարած՝ հանցագործի պիտակ ստանալու։ Միակ բանը, որն այն ժամանակ հավաքում էին ամենայն ուշադրությամբ՝ ցախն էր ու հացի կտրոնը։ Բա այս դեպքում ո՞նց է լինելու։

Ու ստուգումներ իրականացնելու համար անգամ դատարանի վճիռ էլ պետք չի լինելու։ Բավական է քրեական հանցագործության կասկածանք լինի, օրինակ, մարզպետ աշխատող ձեր բաջանաղի վրա, ու կսկսեն ձեզ էլ ստուգել, ու, Աստված մի արասցե, չկարողանաք հիմնավորել, թե ինչ եկամուտներով կամ միջոցով եք ձեռք բերել այդ, օրինակ, Քանաքեռ-Զեյթուն թաղամասում գտնվող ձեր 3 սենյականոց բնակարանը։ Հիմա կասեք՝ ինչի՞ հենց 3 սենյականոցը հիշատակեցի, այն էլ՝ այդ թաղամասում։ Պարզաբանեմ. օրենքով գույքի բռնագանձման վարույթի համար գույքի արժեքի շեմը սահմանվել է 25 միլիոն դրամը։ Բացեք գույքի առք ու վաճառքով զբաղվող կամայական ընկերության կայք կամ կապ հաստատեք նրանց անշարժ գույքի որևէ գործակալի հետ, ու կտեսնեք, որ այդ գումարով վաճառվում են 3 սենյականոց քիչ թե շատ բարեկարգված բնակարաններ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Դավթաշեն թաղամասերում։ Իսկ հիմա եկեք հաշվենք, թե 90-ականներից քանի այդպիսի «ջրի» գնով ձեռք բերված բնակարաններ ու տներ կան ընդհանուր Հայաստանում, որոնք այժմ շուկայում մեկ այլ՝ շատ ավելի բարձր գին ունեն։ Էլ չեմ ասում, թե տոկոսային ինչ հավանականություն կա, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է որևէ պաշտոնյա բարեկամ ունենա։

Հիմա շարքային քաղաքացին ինչո՞վ է մեղավոր, որ սեփական գույքը ձեռքից առնելու վտանգի առաջ կանգնի․ որ պաշտոնյա բարեկա՞մ ունի, թե՞ որ ժամանակին պետությունում տիրող վիճակից ելնելով՝ իր անմեղությունը հաստատող հիմքերը չի կարողացել ապահովել։

Տեսանյութեր

Լրահոս