Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյուլագարակ այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ համեմատություն անցկացրեց ներկայիս և նախկին վարչապետների միջև:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը բարկացել էր իրեն մոտեցած և օգնություն խնդրող՝ Կուրթան գյուղի բնակչի վրա: Մեխակ Առաքելյանը վարչապետին էր մոտեցել բնակարանի խնդրով, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը կշտամբել էր նրան՝ ասելով՝ «ձեռք ու ոտքով տղա ես, կարող ես տանդ խնդիրը ինքնուրույն լուծել»: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Մեխակն առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Որպես մարդ և որպես վարչապետ՝ համեմատենք Հովիկ Աբրահամյանին և Նիկոլ Փաշինյանին: Տարիներ առաջ Իջևան քաղաքում մի բնակիչ դիմեց Հովիկ Աբրահամյանին, ասաց՝ 7 երեխա ունեմ, տուն չունեմ: Աբրահամյանը տեղում հարցը լուծեց, խնդրեց, Կառավարությունն ու պատգամավորներն օգնեցին, այդ մարդը տուն ունեցավ, հարցը լուծվեց: Տարբերությունը սա է, մարդը հիմա ապրում է նորմալ ու Հայաստանը չլքեց, իսկ ներկա իշխանությունն ասում է, որ իրենք եկել են լավացնելու քաղաքացիների կյանքը»,- ասաց Սարգիս Ավետիսյանը:
«Համերաշխություն» կուսակցության նախագահի պնդմամբ, եթե գործող իշխանությունը վստահ լիներ, որ կկարողանա «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները հավաքել, ապա վարչապետն անձամբ չէր գնա մարզեր:
«Չեմ կարծում, որը 650.000 հազար մարդ գան ու կողմ քվեարկեն, ես մի փոքր լավատես եմ: Դա է ցույց տալիս նաև իշխանության հիստերիան: Մենք 2020-ն ավարտելու ենք առանց Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Ավետիսյանը: