Վստահ չեմ, որ տնտեսական որոշակիության, հստակեցման շղթան միայն ՍԴ-ից է կախված. Տիգրան Ջրբաշյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխության ուշացման և դրա ուղղությամբ քայլերի բացակայության մասին տարբեր գնահատականներից ու հայտարարություններից հետո իշխանությունները, որպես պատճառ, վկայակոչեցին Սահմանադրական դատարանի ներկա կազմի ու դատաիրավական բարեփոխումների հրատապությունը՝ հայտարարելով, որ տնտեսական հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ լինեն դատաիրավական բարեփոխումներ և փոխվի Սահմանադրական դատարանի ներկա կազմը:
«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ դատական համակարգի բարվոք վիճակը և էֆեկտիվ աշխատանքը տնտեսական որոշակիությանն ու հստակեցմանը նպաստում են, բայց նա վստահ չէ, որ այդ շղթան միայն ՍԴ-ից է կախված:
«Ինստիտուցիոնալ տնտեսագիտությունը, որին ես հարում եմ, և որը միշտ որպես տեսություն՝ ինձ համար հիմք է հանդիսացել, ենթադրում է, որ պայմանագրերի կատարումը և սեփականության պաշտպանությունը ֆունդամենտալ կարևոր էլեմենտներից են, որը ստեղծում է տնտեսական իրավիճակ, կանխատեսելիություն: Հիմա, երբ մենք հասկանում ենք, որ պայմանագրերի կատարման, այսպես կոչված՝ contract enforcement, և սեփականության պաշտպանության գործում շատ կարևոր են դատական մարմինները, որովհետև դատարաններում են պայմանագրերի իրականացումն ապահովում կամ իրականացնում, կամ սեփականության պաշտպանությունն ապահովվում է դատարաններում:
Իհարկե, դատական համակարգի բարվոք վիճակը և էֆեկտիվ աշխատանքը միանշանակ նպաստում է տնտեսական որոշակիությանը, տնտեսական հստակեցմանը: Վստահ չեմ, որ այդ ամբողջ շղթան Սահմանադրական դատարանից է միան կախված: Կարծում եմ, որ շատ ավելի խորքային դատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, որ ապահովեն այ այդ երկու ֆունդամենտալ բաղադրիչների էֆեկտիվ իրականացումը Հայաստանում՝ պայմանագրերի կատարում և սեփականության պաշտպանություն»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում