Բաժիններ՝

Սա ապօրինություն է, որը պետք է և կունենա իրավական հետևանքներ

Լիդիան Արմենիայի մի խումբ աշխատակիցներ, որոնց իրավունքներն արդեն գրեթե 2 տարի ոտնահարված են կառավարության և ոստիկանության անգործության պատճառով, այլ ելք չտեսնելով՝ որոշել են իրենց իրավունքների պաշտպանությունը փնտրել դատական ատյաններում:

Այս մասին հայտարարում են նրան՝ նաև հրավիրելով  այս և Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլի ասուլիսի, որին մասնակցելու են Լիդիանի մի խումբ նախկին աշխատակիցներ և շրջակա համայքների բնակիչներ․ ասուլիսը տեղի կունենա այսօր՝ 10.03.2020թ.․  ժամը 16:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում, 9-րդ հարկ:

«Մենք Հայասատանի Հանրապետության 100-ավոր օրինապաշտ քաղաքացիներս ակտիվիստ չենք, բարձր բղավող չենք և հույս ունեինք, որ մեր իրավունքներն օրինական երկրում պետք է պաշտպանված լինեին օրենքով: Սակայն ինչպես տեսանք, վերջին երկու տարվա ընթացքում, օրենքը չի գործում, և կառավարությունը շարժվում է «ով բարձր բղավի, նա կհաղթի» սկզբունքով: Օրենքի ոտնահարման՝ Ամուլսարի ճանապարհների անօրինական շրջափակման հետևանքով մեր և մեր հարյուրավոր գործընկերների ընտանիքները մնացել են առանց օրվա ապրուստի, համայնքներում ահագնանում է արտագաղթը, և մենք չունեինք այլ ելք, քան մեր իրավունքների պաշտպանությունը փնտրել դատական ատյաններում և պատրաստ ենք գնալ մինչև վերջ՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տևական ապօրինությունը ոչ միայն հարվածել է մեզ նման 1000-ավոր քաղաքացիների շահերին, այլև Հայաստանի Հանրապետությանը: Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե Ամուլսարի ծրագրից չի վճարվել մոտ 70 մլն ԱՄՆ դոլար հարկ, ՀՀ քաղաքացիները զրկվել են ընդհանուր առմամբ ավելի քան 6  մլն ԱՄՆ դոլար աշխատավարձից, շրջափակման հետևանքով երկրից արտագաղթել է 500-ից ավելի մարդ՝ Լիդիանի նախկին աշխատակիցներ, շրջակա համայնքների բնակիչներ:

Եվ այս ամենը այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է հայտարերել, որ չկան իրավական հիմքեր Ամուլսարի ծրագրի կասեցման համար, որ կան շրջանակներ, որոնք ուղղորդում և ֆինանսավորում են Ամուլսարի դեմ պայքարը: Այս հայտարարություններին չեն հետևել ո՛չ բացահայտումներ, ո՛չ իրավական գործընթացներ, ո՛չ էլ քայլեր են ձեռնարկվել մեր իրավունքների վերականգնման համար: Սա ապօրինություն է, որը պետք է և կունենա իրավական հետևանքներ»,-նշված է աշխատակիցների հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս