Ամուլսարի շահագործման հարցը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չէ. Էրիկ Գրիգորյան
«Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ, այս հարցն այս պահին մեր նախարարության հետ առնչվող հարց չէ: Մենք կրկին տեսել ենք խնդիրներ և դրանք ուղարկել ենք այն քրեական գործով, որն իրականացվում է, որպեսզի ուսումնասիրեն ու տեսնեն՝ արդյո՞ք կազմակերպությունը կեղծ տվյալներ է տվել, թե՞ ոչ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է հանգուցալուծվելու Ամուլսարի հետ կապված հարցը, այն շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։
Ըստ նրա՝ այն գործողությունները, որոնք պետք է իրականացնի նախարարությունը, այն է՝ ջրերի ազդեցության մոնիտորինգի տվյալները ճի՞շտ են, թե՞ ոչ, ընթացիկ իրականացնում են։
«Գիտեմ, որ մեր մասնագետները՝ որպես փորձագիտական ներուժ, ներգրավված են քրեական գործի շրջանակներում, հրավիրվում են, պատասխանում հարցերին։ Չեմ կարող ասել, թե մինչև այս պահը քանիսն են հրավիրվել, անձամբ չեմ հրավիրվել»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով հողի ապօրինի սեփականաշնորհումներին, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ վատ ընթացք է եղել. «Անտառային օրենսգիրքը հստակ արգելում է անտառային հողերի օտարումը ֆիզիկական և իրավաբանական անձանց, բայց կար ընթացակարգ, որով կարելի էր հողի կատեգորիան փոխել, որից հետո այն համայնքը վաճառում էր, մենք նախաձեռնել էինք, որպեսզի այդ պրակտիկան բացառվի, վերջին 1,5-2 տարվա ընթացքում անտառային տարածքի հողային կատեգորիան չի փոխվել»,- եզրափակեց նախարարը։