Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում զրուցել է Արթուր Վարդանյանի հետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրել էր, որ Երևանի Մետրոպոլիտենում քարոզարշավ է իրականացնում։ Նա տեսանյութին կից գրել էր. «Քարոզարշավ եմ անում Մարիամի և Շուշանի հետ»։ Փաշինյանը դուստրերի հետ Մետրոյի ուղևորներին նախընրական քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանել:

Մետրոպոլիտենից դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակել է Երևանի փողոցներում և այլ հանրային վայրերում: Քարոզարշավի ընթացքում, ինչպես նկատել է ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Դավիթ Փիրումյանը, Նիկոլ Փաշինյանը ողջունել և զրուցել է 2015 թվականին վնասազերծված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի հետ:

«Վարչապետը փողոցում ջերմորեն բարևեց ահաբեկիչ Արթուր Վարդանյանին, ում իր օրոք անհասկանալիորեն դատարանը ազատ արձակեց»,- գրել է Փիրումյանը:

Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսից Ա. Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցություն ձեւավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

2015 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել էր: Հայտնաբերվել էին մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս