
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը

«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից.
«Հիվանդն Արցախի հանրապետական բժշկական կենտրոն էր դիմել ինսուլտի ախտանշաններով՝ ձախ ձեռքի, ոտքի անշարժություն, դեմքի ձախ անկյունի ծռվածություն:
Տեղում անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ ինսուլտ: Անմիջապես հրավիրվել է բժիշկների կոնսիլիում, նեղ-մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հիվանդի տվյալներն ուղարկվել է «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ ցերեբրովասլուլյար նյարդաբանության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը անմիջապես արձագանքել է. հիվանդի կյանքը փրկելու և հաշմանդամությունից խուսափելու միակ միջոցը թրոմբի մեխանիկական հեռացումն է՝ թրոմբէկտոմիան, երկրորդ կարծիք լինել չի կարող: Եվ քանի որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր Հայաստան տեղափոխելու համար՝ «Էրեբունի» ԲԿ ղեկավարության հրահանգով Դավիթ Սահակյանն իր թիմի՝ բժիշկներ Ալեքս Պետրոսյանի և Դավիթ Մարգարյանի հետ մեկնեցին Արցախ: Թրոմբէկտոմիան կատարվեց Արցախի հանրապետական հիվանդանոցի անգիոգրաֆիկ բաժանմուքնում: Վիրահատության առաջին րոպեների ընթացքում հիվանդի մոտ նկատվեցին դրական փոփոխություններ, մասնավորապես, նա սկսեց շարժել ձեռքը և ոտքը: Այժմ հիվանդը գտնվում է բուժկենտրոնում, նրա առողջական վիճակին հետեւում են Արցախի մեր գործընկերները: Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ: