«Մասշտաբները փոքրացնում են, որ հանցանքն ավելի թեթև լինի». Նարեկ Մանթաշյան

Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ սպա Արա Մխիթարյանի գործով 2 մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, այսօր 1 մլն 500 հազար գրավի դիմաց ազատ է արձակվել: «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, որն առաջին օրերից հետևում է գործի ընթացքին, պնդում է՝ միտում կա առաջադրված մեղադրանքը մեղմելու:

Հիշեցնենք՝ գործով մեղադրյալները 2 եղբայրներ են. մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ նրա եղբայր Զավեն Գրիգորյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Ի սկզբանե լուրեր էին շրջանառվում, որ ծեծկռտուքին ներկա է եղել նաև Տրդատ Սարգսյանը և անգործություն է դրսևորել, նրա դեմ ցուցմունք էին տվել դեպքին ներկա գտնված սպաները, նույն ցուցմունքները նրանք պնդել էին Սարգսյանի հետ առերեսման ժամանակ:

«Մենք սկզբում պահանջեցինք, որ մարզպետ Տրդատ Սարգսյանին պատասխանատվության ենթարկեն:  Նրա հրաժարականով փորձեցին կոծկել իր մասնակցության փաստը: Ծեծկռտուքին ներկա գտնված 8 հոգուց այս պահին փաստացի մեկ մեղադրյալ կա: Հերթով բոլորին հանում են, որովհետև հանցանքի ծանրությունը փոխվում է  մասնակիցների քանակից: Մի դեպքում առաջադրված մեղադրանքը վերաբերում է խմբակային ծեծի ենթարկելուն, մյուս դեպքում՝  վեճ- վիճաբանություն, որի արդյունքում մարմնական վնասվածք է հասցվել: Էականորեն տարբերվում է պատիժը: Մասշտաբները փոքրացնում են, որ հանցանքն ավելի թեթև լինի»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:

Զավեն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ գործում առկա փաստերը «գոռում են», որ իր պաշտպանյալը ներկա չի եղել դեպքի վայրում և կապ չի ունեցել Արա Մխիթարյանի հետ: Նարեկ Մանթաշյանը սա տակտիկական քայլ է որակում:

«Մի մասը նախաքննության փուլում են դուրս մնացել գործընթացից, մյուս մասը՝ դատարանի միջոցով:  Ամենազավեշտալին էլ այն էր, որ այսօր եղբայրներից մեկը Վերաքննիչի «հայտնի» դատավոր Արմեն Դանիելյանի թեթև ձեռքով ազատ է արձակվել: Այլևս չենք կարող լռել: Խոսքը հասարակ դեպքի մասին չէ, գործ ունենք բանակի կադրային սպային 6 ամիս կոմայի հասցնելու դեպքի հետ: Խեղաթյուրել իրականությունը թույլ չենք տալու, մենք այդ պնդմանը վերաբերվում ենք՝ որպես փաստաբանի պարտականություն: Մենք ունենք 4 սպայի ցուցմունք, ովքեր ասում են, որ դեպքի վայրում եղել են Տրդատ Սարգսյանը և ևս 8 հոգի»,- ասաց Մանթաշյանը:

Տեսանյութեր

Լրահոս