
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
Քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն էր: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման ենթակա են:
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտում առկա ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ սպանդանոցների գործունեության հետ կապված ֆինանսավորման աջակցության գործիքակազմը հաստատվել է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հողերի նպատակային նշանակության փոփոխությանը, սպանդանոցների տիպային նախագծերին և սպանդանոցային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործընթացների շղթային:
Մարզպետները ներկայացրել են սպանդանոցների գործունեության հետ կապված իրենց մարզերում բարձրաձայնված խնդիրները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածանքների նախարարությանը հանձնարարվել է մարզպետարաններից հավաքագրել բոլոր խնդիրները և ամփոփ ներկայացնել կանոնակարգումների նպատակով: