«Տեղին չէ համեմատել ՍԴ և ԿՀԸ նախագահների պաշտոնները». Հայկ Գևորգյանը՝ մանրամասնում է, թե ինչու չեն պահանջում Տիգրան Մուկուչյանի պաշտոնանկությունը
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում իրավապահների գործողությունները, որոնք մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ներխուժել են Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին» պատկանող առանձնատուն՝ պատուհանները ջարդելով և ճաղավանդակները կտրելով։
– Այդ հարցն ինձ ուղղելու հիմք չկա, որովհետև ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ, դա դատաիրավական, քրեական, չգիտեմ՝ ինչ ոլորտի մասնագետի հարց է, ես այդ մասնագետը չեմ։ Ինքս այդ գործի մանրամասներին տեղյակ չեմ, ընդհանրապես, թե ո՞նց են գնացել, ի՞նչ են արել, ի՞նչ հիմք ունեին կամ չունեին, ես չգիտեմ, իսկապես չգիտեմ, այդ մասնագետը չեմ։
– Վերջերս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռանալը դրական ազդեցություն կունենա ներդրումների վրա, Հրայր Թովմասյանն ի՞նչ կապ ունի ներդրումների հետ։
– Սովորաբար լրագրողների մոտ նման հարց է առաջանում, թե ինչ կապ ունի դատական համակարգը ներդրումների հետ։ Ներդրումների համար կարևորագույն օղակներից մեկը հենց դատական համակարգն է, քանի որ տնտեսվարողներն իրենց ունեցած վեճերն այլ տնտեսվարողների կամ պետության հետ լուծում են դատարաններում։ Եթե դատական համակարգն ունի, մեղմ ասած, այսպիսի ցածր ռեյտինգ, դա ներդրողների վրա ուղղակիորեն ազդում է։ Հայաստանում դատական համակարգը պետք է ունենա նույնչափ վստահություն, որքան ունեն գործադիրն ու օրենսդիրը։ Չի կարող ՍԴ նախագահը լինել մարդ, որը նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ է, որը նախկին իշխանությունների ժամանակ եղել է նախարար, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ ու ՍԴ նախագահ է դարձել մի հատ այսպես «ֆինտի» արդյունքում, հնարք են կիրառել ու նրան դարձրել ՍԴ նախագահ։ Հիմա Հայաստանում երկու իրականություն կա, մի իրականության մեջ գործադիրն ու օրենսդիրն են ապրում, մի այլ իրականությամբ՝ հին Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանը։ Եթե այդպես է՝ եկեք հավասարեցնենք՝ խորհրդարանի պատգամավորները լինեն ցմահ, Կառավարության անդամները լինեն ցմահ։
– Օրինակ, Դուք ցմահ պատգամավոր կաշխատեի՞ք։
– Ես չէ, հաստատ չէ։
– Պարոն Գևորգյան, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ է նախորդ իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ինչո՞ւ նրան հեռացնելու հարցը ևս չեք դնում, որպեսզի արդար լինի։
– Տեղին չէ համեմատել ՍԴ նախագահի ու ԿՀԸ նախագահի պաշտոնները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում