«Չեմ կիսում տեսակետը, թե վարչապետը դժգոհ է իր բոլոր կադրերից». «Իմքայլական» պատգամավորը՝ վարչապետի հայտարարության մասին

Մարտի 4-ին Վրաստան կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով կադրային քաղաքականությանը, ասել էր, որ «նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային»:

168.am-ը  վարչապետի այս բնորոշումը հիշեցնելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին,  հետաքրքրվեց՝ եթե վարչապետը դժգոհ է իր կադրերից, դրա մասին նույնիսկ երեկ Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ իր հանձնարարականների կատարումն ուշացնում են, այդ դեպքում ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները բարձր պարգևավճարներ ստանում:

«Չեմ կիսում այդ տեսակետը, թե վարչապետը դժգոհ է իր բոլոր կադրերից, ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքային հարաբերություններում երբեմն կարող են լինել աշխատանքային դժվարություններ, կարծում եմ՝ խոսքը սրա մասին էր: Կառավարության աշխատանքն իր բնույթով շատ ծավալուն է, և որևէ մասնավոր դեպք վերցնել և այն քննարկել, այդքան էլ ճիշտ չէ: Մենք Կառավարության աշխատանքը պետք է դատենք թվերով և կոմպլեքս գործողություններով»,- ասաց պատգամավորը:

Հաջորդ հարցին՝ եթե կան կադրեր, որոնց աշխատանքից վարչապետը դժգոհում է, ինչո՞ւ նրանց աշխատանքից չեն հեռացնում, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ ունեն բազմաթիվ տեղաշարժեր Կառավարության ներսում:

«Կարծում եմ, եթե լինի հիմնավոր դժգոհություն որևէ կադրից, կապ չունի, թե նա որ ոլորտում է իր գործունեությունը ծավալում, իհարկե կլինեն փոփոխություններ»,- հավելեց պատգամավորը:

Եթե կադրերը լավ չեն աշխատում, օրինակ՝ նախարարները կամ մարզպետները,  դրա պատասխանատուն ո՞վ է, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ այդ դեպքում պատասխանատուն տվյալ անձն է, այնուհետև՝ Կառավարությունը և իշխող թիմը. «Կառավարությունն է տվյալ անձին նշանակում, բայց պատասխանատվությունը պետք է կրի ամբողջ թիմը»,- շեշտեց նա:

Պատգամավորը նաև ասաց, որ ինքը նույնպես պարգևավճար է ստացել, իսկ թե որքա՞ն, դժվարացավ հայտնել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս