«Ասֆալտին փռելու» նուրբ արվեստը

«Ասֆալտին փռելու» հրահանգի դրսեւորումները գնալով ավելի հակաիրավական, դատավարական նորմերի ավելի կոպիտ խախտումներով են զուգորդվում։ Արամ Վարդանյանի տան խուզարկությունը, եւ այն, թե ինչպիսի վայրագությամբ է այն իրականացվել, այն էլ անգամ հնգամյա երեխայի աչքի առաջ, ինչպես է ցուցադրաբար ուժ կիրառվել, եւ անտեսվել փաստաբանների օրինական պահանջները, խոսում է այն մասին, որ վաղը յուրաքանչյուրի նկատմամբ կարող է լինել հենց նույն մոտեցումը։

Վերացեք անձերից, վաղը դատավարական նորմերի անտեսումն այլեւս որեւէ մեկի անձով պայմանավորված չի լինելու, քանի որ հասարակության անհաղորդ լռության, իրավապաշտպանների մի մասի անհասկանալի լռության պայմաններում, իրավական նորմերի կոպիտ խախտումները նախադեպ են ստեղծում յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար։

Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել անձնական նպատակահարմարությամբ, հայացքների տարբերությամբ, այն պարտադիր պետք է հարգվի հավասարապես բոլորի համար։

Այստեղ խնդիրը հարցը Արամ Վարդանյանի անձը չէ: Նրա փոխարեն կարող է լինել ՀՀ ցանկացած քաղաքացի:

Որեւէ մեկը երաշխավորված չէ, որ վաղը նույնն իր հանդեպ չի կատարվելու, եւ «ծանր» հանցագործության կասկածի եւ այլ ձեւակերպումներով չեն կոտրելու իրենց տան դուռն ու պատուհանը, մուտք գործեն տուն, վախեցնեն երեխաներին, ծնողներին, տարբեր պատճառաբանություններով բերման ենթարկեն հարազատներին։ Մթնոլորտն արդեն նման քայլերով ապահովված է, իսկ յուրաքանչյուր հաջորդ դեպքն ավելի է խորացնում կրկնման հավանականությունը։ Կարելի է ենթադրել, որ այս գործողության նախապատմությունն ուն հանրությանն անհայտ կետեր եւ դրդապատճառներ։

Արամ Վարդանյանը լրատվամիջոցներով ներկայացրեց իր փաստարկները, իսկ իրավապահների փաստարկներից նույնիսկ փաստաբանները տեղյակ չէին։ Միայն հետո, երբ արդեն աղմուկ էր բարձրացել, ոստիկանությունից պարզաբանեցին, թե «կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում»:

Փաստենք, որ դատավարական գործողություններ կատարելիս իրավապահներին այլեւս չի կաշկանդում օրենսգրքով նախատեսված պահանջների կոպտագույն խախտումները, որ գործողությունները դուրս են գալիս օրենքի եւ բանականության սահմաններից։

Հասարակությունը պետք է ոչ ասի նման դրսեւորումներին նաեւ ապրիլի 5-ին կառավարող ուժի կողմից նշանակված հանրաքվեի նկատմամբ հստակ վերաբերմունք արտահայտելով, ինչը կնշանակի ՈՉ պետական մարմինների յուրացմանը իշխանության փորձերին, որոնց հետեւանքով էլ տեղի են ունենում եւ արդարացվում օրենքի կոպտագույն խախտումներ։

«Իմ Ձայնը» նախագիծ

Տեսանյութեր

Լրահոս