«Հիմա Ֆեյսբուքում գործում է «եկ Ծաղկաձոր» հեշթեգը, որը կոչ է անում մարդկանց գնալ Ծաղկաձոր». Վաղարշակ Հակոբյանը՝ Ծաղկաձորում տիրող իրավիճակի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ կորոնավիրուսով կասկածվող անձանց կարանտինն անցկացնելու համար Ծաղկաձոր տեղափոխելուց հետո իշխանության մի շարք ներկայացուցիչներ գնացել են այնտեղ և զրուցել են բնակիչների հետ, քանի որ նրանց մոտ որոշակի խուճապ է եղել, բայց զրույցից հետո բնակիչներն այդ ամենին ըմբռնումով են մոտեցել:

«Այն տեղեկատվությունը, որ Ծաղկաձորում հյուրանոցները դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, հիմա Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «եկ Ծաղկաձոր» հեշթեգը, որը կոչ է անում մարդկանց գնալ Ծաղկաձոր: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն սատարելու քաղաքին, տուրիզմին, պետք է օգտվեն այս առաջարկից»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին Ծաղկաձորում, քանի որ շատերը, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վստահեցնում են, որ Ծաղկաձորում հյուրանոցները դատարկ են:

Վաղարշակ Հակոբյանը չգիտի, թե ինչ մասնավոր դեպքերի մասին են խոսում, բայց ինքը միշտ կապի մեջ է քաղաքացիների հետ, և խուճապային տրամադրություններն անցել են, այս պահին որևէ խնդիր չկա:

«Հյուրանոցների հետ կապված հարցը պետք է անհատական դիտարկել, ուզում եմ հավաստիացնել, որ ընդհանուր՝ կոմպլեքս վիճակը, նորմալ է: Ծաղկաձորում գտնվող այդ հյուրանոցն ընտրվել է այն պատճառով, որ այն գրեթե միակ պետական օբյեկտն է, որն ուներ համապատասխան հնարավորությունները և տեղակայված էր բնակչությունից հարմար հեռավորության վրա: Կարելի էր այլ տարբերակ ևս դիտարկել, բայց Կառավարության մեր գործընկերներն այդ եզրահանգմանն են եկել, որն ունի նաև իր բացատրությունը»,- շեշտեց պատգամավորը:

Դիտարկմանը՝ այսինքն՝ Ծառուկյանը հյուրանոցների դատարկ լինելու համար ճի՞շտ է ասել, Վաղարշակ Հակոբյանը միայն ասաց՝ այս պահին իրավիճակն ամբողջությամբ նորմալ է:

«Ես հյուրանոցների որոշ տերերի հետ եմ խոսել, այդ խոսակցությանը հղում տալով եմ ասում, որ ամեն ինչ նորմալ է»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս