«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը
Մարտի 5-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի բնակելի գոտու տեղազննության արդյունքում հայտնաբերել են ներնետված, թափանցիկ, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար ամրացված են եղել մետաղական պտուտակներ։
Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 6 գրամ քաշով, թմրամիջոց հանդիսացող «B8» մակնշմամբ, փշրված և կոտրատված, սուբուտեքսի նմանվող դեղահաբեր։
Միաժամանակ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ համագործակցության արդյունքում հաջողվել է հայտնաբերել թմրամիջոցով փաթեթն արտանետած անձին, որն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։