Ավագանու անդամն ու պատգամավորը տեղյակ չէին, որ տնօրենի ընտրություն վերահսկելու համար նախապես պետք է հավատարմագրվել
Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղի է ունենում տնօրենի ընտրությունը, որն ընթանում է բավականին լարված մթնոլորտում։
Տնօրենի ընտրությունը վերահսկելու համար նախ դպրոց էր ժամանել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որին, սակայն, թույլ չեն տվել դպրոց մտնել, քանի որ տնօրենի ընտրությունը վերահսկելու համար նախ պետք էր հավատարմագրվել, իսկ Երիցյանը տեղյակ չէր այդ պահանջի մասին։
Ավելի ուշ դպրոց են ժամանել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նշենք, որ Ծովինար Վարդանյանը ևս տեղյակ չէր, որ դպրոցում ընթացող տնօրենի ընտրության գործընթացին հետևելու համար նախապես հավատարմագրվել է պետք, և նրան հաջողվեց մտնել դպրոց կառավարման խորհրդի անդամ, սորոսականի համբավ ունեցող Վահրամ Սողոմոնյանի միջնորդության շնորհիվ։
Հիշեցնենք, որ Վահրամ Սողոմոնյանի և դպրոցի կառավարման խորհրդի անդամների անհաշտ աշխատանքային գործունեության վերաբերյալ 168.am-ը հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ ավելի վաղ։