«Եթե Դուք օգտագործեք դրանք իմ հանդեպ, ես դրանից չեմ վիրավորվի». Ստյոպա Սաֆարյանը՝ «լկտի» և «սաունաներ հրավիրել» արտահայտությունների մասին
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ livenews.am-ի լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դատական առաջին նիստը: Թագուհի Ասլանյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել վիրավորանք հասցնելու համար և փոխհատուցում տրամադրել:
Պահանջը վերաբերում է 2019 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նախաձեռնել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում ու ու զգուշացրել՝ «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»:
Քննարկումից հետո ՄԱՀՀԻ-ի կենտրոն էր գնացել նաև livenews.am-ի լրագրող Թագուհի Ասլանյանը՝ Ս.Սաֆարյանին հարցեր ուղղելու համար: Երկխոսության ընթացքում Սաֆարյանը լրագրողին ասել էր, որ «լկտի ներխուժել է» իր տարածք, ու ասել էր, որ լրագրողը իրեն «սաունաների հրավերք» չուղարկի:
Երկխոսությունից հատվածը՝ ստորև:
Ստյոպա Սաֆարյան– Դուրս եկեք: Սա իմ տարածքն է, մասնավոր սեփականություն է: Դուք գիտե՞ք, որ մասնավոր սեփականության տարածքում եք գտնվում՝ առանց սեփականատիրոջ ցանկության:
Թագուհի Ասլանյան– Համեցեք մեզ մոտ, մեր մասնավոր տարածք:
Ստյոպա Սաֆարյան- Ես չեմ համենում: Դուք ինձ հրավերքներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ Ձեր տարածքների, ո՛չ Ձեր տների: Դուք դուրս եկեք: Դուք արդեն, Դուք արդեն, Դուք դուրս եկեք:
Այսօրվա դատական նիստում հայցվող կողմի ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանը ներկայացրեց պահանջը, ինչից հետո պատասխանող կողմը հնարավորություն ունեցավ ներկայացնել իր առարկությունները:
Դատարանում ելույթ ունենալով՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ լրագրողն այդ կերպ ներխուժել է իր սեփականություն հանդիսացող տարածք, փորձել սադրել իրեն, չի հետևել հորդորին ու դուրս չի եկել, իսկ «լկտի» բառն օգտագործելով՝ տվել է այդ արարքին բնորոշում: Սաֆարյանը նաև ասաց, որ չի ճանաչել Թագուհի Ասլանյան անվամբ անձին, կամ այն հանգամանքը, որ նա լրագրող է: Նրա դիտակմամբ՝ իր կողմից լրագրողին «սաունա հրավիրելու» մասին արտահայտությունը վիրավորանք չէ:
«Ինչո՞ւ եք սաունա հրավիրելը վիրավորանք դիտարկում, դրա փոխարեն՝ կարող էր լինել՝ օպերա հրավիրել, դուք կարող եք դրա տակ էլ վիրավորանք տեսնել»,- դատարանում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հետո արդեն հայցվորի հարցին ի պատասխան՝ Սաֆարյանը ասաց, որ, եթե անգամ իմանար, որ Թագուհի Ասլանյանը լրագրող է, և լրագրող է այդ կայքում, ապա նա կաներ նույն ձևակերպումները, նույն արտահայտությունները:
«Եթե այդ արտահայտությունները վիրավորանք չեմ համարում, եթե Դուք օգտագործեք դրանք իմ հանդեպ, ես դրանից չեմ վիրավորվի»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:
Հաջորդ դատական նիստի ընթացքում՝ մարտի 31-ին, դատարանում կողմերը և դատարանը կդիտեն տեղի ունեցածի մասին տեսանյութ, ապա դատավորը կողմերի միջև կբաժանի փաստերի ապացուցողական բեռը:
Դատական նիստի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում