
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է դիտվում

Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 185-ով եւ հասել 534-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը (RKI) մարտի 6-ին հայտնել է իր ամենօրյա ամփոփագրում։
Սա ԳԴՀ-ում վարակվածների թվի օրական ամենախոշոր ավելացումն է կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր: Ամենաշատ դեպքերը՝ 281, գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա արեւմտյան դաշնային երկրամասում: Բադեն-Վյուրտեմբերգում կա 91 հիվանդ, Բավարիայում՝ 79: Վարակման դեպքեր են գրանցվել 16 երկրամասերից 15-ում:
Ինչպես հայտարարել են RKI-ում, վարակման ռիսկը մնում է չափավոր: Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանն ավելի վաղ ասել է, որ երկրում հիվանդության տարածման առավելակետը դեռեւս չի անցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: