Բաժիններ՝

Ինչպես է կորոնավիրուսի մասին լուրն ազդել Երևանի կինոթատրոններ այցելությունների վրա

Երևանի կինոթատրոններում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով այցելությունների նվազում հիմնականում նկատվում է: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրման մասին լուրից հետո քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել մարդաշատ վայրեր, մշակութային հաստատություններ՝ թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ:

«Արմենպրես»-ը փորձեց ճշտել նաև, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում երևանյան կինոթատրոններում:

«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի մասին տեղեկությունների տարածման մասին լուրը բավականին վնասել է իրենց կինոթատրոնի այցելություններին:

«Մեզ մոտ բավականին մեծ նվազում է եղել, անգամ ֆիլմերի սեանսներ են եղել, որ չեն կայացել այցելու չլինելու պատճառով: Այս շրջանում, մարդիկ վախենում են մարդաշատ վայրեր այցելելուց, սակայն հույս ունենք, որ այս խուճապային իրավիճակը շուտով կդադարի և կկարողանանք անցնել մեր բնականոն աշխատանքին»,- ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, արդյոք մարդկանց ավելի շահագրգռելու համար գնային քաղաքականությունում որևէ փոփոխություն կատարվե՞լ է, թե ոչ, «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր ադմինիստրատորը բացասական պատասխան տվեց:

«Չեմ կարծում, որ այդ քայլով կարող ենք մարդկանց շահագրգռել, որ գան ֆիլմ դիտելու, քանի որ միևնույնն է նրանք վախենում են իրենց առողջության համար: Մեր գնային քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվել, քանի որ այդ տարբերակով վաճառքի ավելացում չէր լինի»,- նշեց Մարտիրոսյանը

«Սինեմա սթար» կինոթատրոնի ադմինիստրատոր Տաթև Մելքոնյանը նշեց, որ իրենց մոտ ակնհայտ փոփոխություններ չեն նկատվել: «Մեր կինոթատրոնում մարդկանց այցելությունների թիվն անփոփոխ է, մարդիկ շարունակում են նույն հաճախականությամբ այցելել»,- ասաց Մելքոնյանը:

«Երևան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը «Կինոպարկ» կինոթատրոնի այցելությունների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց, որ իրենց մոտ գրանցվել է որոշակի փոքր տոկոսով անկում: «Այդ փոքր տոկոսով նվազումը տրամաբանական ենք համարում ստեղծված իրավիճակում, քանզի մարդիկ խուսափում են մարդաշատ վայրեր այցելելուց։ Տագնապը գլոբալ քաղաքի մասշտաբով է, և նույն փաստը գրանցվել է բոլոր ժամանցային վայրերում»,- ասաց Ավագիմյանը։

Ֆիլմերի գնացուցակի վերաբերյալ նա նշեց, որ փոփոխություն չկա, քանի որ իրավիճակը կրիտիկական չէ և չի պահանջում նմանատիպ բիզնես որոշումների ընդունում։  «Սա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, ուստի ճիշտ չենք համարում շուկայական գները ապակայունացնել՝ հաճախորդի հոսք ապահովելու նկատառումներով»,- ընդգծեց Ավագիմյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս