«Լոմո գրուպ»-ը «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում կիրականացնի 1,28 մլն դոլարի ներդրումային ծրագիր
Կառավարությունը «Լոմո գրուպ» ընկերությունը ներառել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ըստ հիմնավորման, շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվեց 5 տարի:
Հիմք ընդունելով «Լոմո գրուպ»-ի կողմից «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն որոշումը:
Կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին և մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: 2018-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (ներկայիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) և «ԷԿՈՍ» ՓԲԸ միջեւ կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին: «Լոմո գրուպ»-ի կողմից հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի շահագործողների ռեեստրում ներառվելու համար համապատասխան հայտ:
«Լոմո գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է ծրագրի շրջանակներում (2020-2024 թթ.) իրականացվելիք ներդրումները հասցնել 1 մլն 280 000 դոլարի:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` մոտ 200 000 դրամ միջին աշխատավարձով:
Ընկերությունն ունենալու է մոտ 79.2 քմ տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում: «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: